09
03, 2011

Ռիգայում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին:

Հանրապետության ղեկավարն այնուհետ մեկնել է Լատվիայի խորհրդարան: Խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի բարձր մակարդակը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը հաջողությամբ համագործակցում են և պատրաստակամ են զարգացնելու փոխգործակցությունը` նկատի առնելով առկա մեծ ներուժը:

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության, ինչպես նաև երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատվիական փորձով:

Նկատի առնելով, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք` Նախագահ Սարգսյանը և Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Աբոլտինան մշակույթի ոլորտում դա համարել են երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու, փոխշփումների նոր և շատ լավ հնարավորություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

← Վերադառնալ