23
02, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, նշելով, որ ուրախ է հերթական անգամ Երևանում նրան հանդիպելու համար: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով Հանրապետության ղեկավարը կարևորել է պարբերական հանդիպումները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և ուրախ է, որ իր այցով ևս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

«Պարո՛ն Նախագահ, ինչպես Դուք նշեցիք, այս պարբերական հանդիպումները, նաև փետրվարին Մյունխենում Ձեր հանդիպումը պետքարտուղարի հետ, իսկ անցյալ տարի` Վաշինգտոնում Նախագահ Օբամայի հետ հանդիպումը և, իհարկե, իմ այս այցը Հայաստան, ցույց են տալիս մեր երկրների միջև կապերի ամրությունը»,-ասել է Ջեյմս Սթայնբերգը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

← Վերադառնալ