17
02, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար, ինչպես նաև կնպաստի Նախագահ Հու Ձինթաոյի հետ իր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը և ժողովրդին` Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների խորացմամբ:

«Մենք նաև շահագրգիռ ենք մեր տարածաշրջանային, տնտեսական գործընթացներում Չինաստանի մասնակցության հետագա ընդլայնմամբ, և միայն ուրախ կլինենք այդ գործընթացներում տարեցտարի Ձեր երկրի ներգրավվածության մեծացման համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

«Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր և հուսալի գործընկեր է: Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և Ձեր երկրին աջակցությունը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարունակել Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը, որտեղ լայն հեռանկար և մեծ ներուժ ենք տեսնում:

Ես գիտեմ, որ իմ երկրի նախագահի` պարոն Հու Ձինթաոյի հետ Շանհայում Դուք շատ կարևոր բանակցություններ եք ունեցել: Մեր պետությունների համար, իսկապես, կարևոր է նոր կողմնորոշիչներ նշել և որոշումներ կայացնել հետագա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է արտգործնախարար Յան Ձիեչը:

ՉԺՀ արտգործնախարարը նշել է, որ միջազգային և տարածաշրջանային կարևորագույն մի շարք հարցերում Հայաստանի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են: Երկու երկրները լավագույնս համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` իր երկրի համար կարևորագույն երկու խոշոր միջոցառումների` Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի և «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին մասնակցելու հրավերն ընդունելու և Չինաստան այցելելու համար: Նա նշել է, որ Էքսպոյում Հայաստանի տաղավարը բավականին տպավորիչ է եղել և ունեցել է զգալի թվով այցելուներ, օլիմպիական խաղերին ևս հայ մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել, ինչի կապակցությամբ շնորհավորել է Երկրի ղեկավարին:

← Վերադառնալ