17
02, 2011

Քաղաքական կոալիցիայի կողմերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»

album picture
album picture
album picture
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:



***


Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը

Արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:

Քաղաքական կոալիցիան ձևավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձևավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի և վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա նաև կարևոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում` հարավօսական իրադարձությունների և աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում:

Քաղաքական կոալիցիան վերստին կարևորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին` առանձնացնելով կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը:

Քաղաքական կոալիցիան ընդգծում է միասնականության կարևորությունն այս գործընթացում և վերահաստատում իր քաղաքական պատասխանատվությունն այդ փոփոխությունների համար:

Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն

← Վերադառնալ