04
02, 2011

Նախագահ Սարգսյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ

album picture
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ:

Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրալիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում փետրվարի 5-ին կշարունակի մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին և դրա շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ:

← Վերադառնալ