19
01, 2011

Հունաստանում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր հաջողությամբ զարգացող հայ-հունական հարաբերություններին, երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը, որի ամենակենսունակ հիմքերից մեկը, Նախագահի խոսքով, երկու եկեղեցիների փոխհարաբերություններն են:

«Աշխարհը զարգանում է, ժամանակները փոխվում են, բայց դրանից չի փոխվում եկեղեցու նշանակությունը, հավատքի նշանակությունը և եթե փոխվում է, ապա էլ´ ավելի է կարևորվում: Դարերի ընթացքում չունենալով պետականություն` հայ ժողովուրդն ապավինել է իր հավատքին, իր եկեղեցուն, և Հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, պետության շատ գործառույթներ, պահպանել` մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով մեր ժողովրդի կյանքում նաև այսօր եկեղեցու մեծ դերակատարությունը:

Երկրի ղեկավարը Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ին է փոխանցել Հայաստան այցելելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II­ի հրավերը` նշելով, որ այդ այցը մեծապես կնպաստի հայ և հույն եկեղեցիների միջև եղբայրության ամրապնդմանը։

Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս II-ը նշել է, թե հատուկ հուզմունքով է ընդունում Նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև հյուրընկալել է բարեկամ երկրի նախագահի: Նա խոսել է հայ և հույն ժողովուրդներին պատմականորեն բաժին հասած նույնանման դժվարությունների ու տառապանքների մասին:

«Բոլորս էլ կարդացել ենք և քաջատեղյակ ենք հայ ժողովրդի ողբերգության մասին: Վստահ եմ, որ դուք էլ նույն ձևով հետևել եք մեր ժողովրդի պատմությանը և մեր հայրենակիցների տառապանքներին հարևան երկրում: Սակայն սա է պատմությունը: Ահավասիկ հայ ժողովուրդը, որ այսքան տանջանքներից հետո կարողացավ վերապրել: Հենց ձեր ժողովուրդը հաղթահարեց այդ դժվարությունները և եկեղեցին պետության դեր կատարեց: Ճիշտ նույնը պատահեց նաև այս երկրում: Սակայն այս բոլորն անցյալին են պատկանում: Պարո´ն Նախագահ, հիմա նոր ժամանակներում ենք ապրում, նոր դժվարություններով: Ես հավատացած եմ, որ մեր համագործակցությունը, մանավանդ մեր կապն ուղղափառ հավատքի հետ կկարողանա մեզ օգնել, որպեսզի հաղթահարենք այսօրվա դժվարությունները»,- Նախագահի հետ հանդիպմանն ասել է Հունաստանի Արքեսպիկոպոսը` Սերժ Սարգսյանին մաղթելով հաջող ու արդյունավետ բանակցություններ իր երկրի քաղաքական ղեկավարության հետ:

Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն Աթենքում այցելել է անհայտ զինվորի հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել` ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Պետական այցի շրջանակներում Երկրի ղեկավարն այնուհետև հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի, վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ:

Սերժ Սարգսյանը Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի և ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ