17
01, 2011

Ի պատիվ պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի տրվել է պետական ճաշ

album picture
Ի պատիվ պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի և տիկին Էլսի Խրիստոֆիայի անունից այսօր տրվել է պետական ճաշ:



***


Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ճաշի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ և տիկին Խրիստոֆիա,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ բարեկամ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Հայաստանի ու Կիպրոսի միջև բարձր մակարդակի պաշտոնական այցերն ավանդույթ են դարձել։ Եվ թեպետ արդեն եղել եմ ձեր հյուրընկալ երկրում, սակայն առաջին անգամ է,որ այցելում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգավիճակով։ Այս այցը ևս մեկ առիթ է վերահաստատելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Այն կխթանի մեր քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական հարաբերություններն ու մշակութային կապերը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր ժողովուրդները կապված են պատմական ճակատագրերի, ինչպես նաև մեր որդեգրած հոգևոր ու մշակութային արժեքների ընդհանրություններով. դարերի ընթացքում մենք անցել ենք դժվարին փորձությունների միջով, տառապել օտար լծի տակ, սակայն նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ հաջողվել է պահպանել ամուր ազգային ինքնությունը` լեզուն, մշակույթը և ազգային նկարագիրը:

Կիպրոսն այն երկրներից է, որտեղ հայերը բնակություն են հաստատել շատ վաղ ժամանակներից։ Երկու անգամ, 9-րդ և 10-րդ դարերում կղզին արաբներից ազատած բյուզանդական զորքերը ղեկավարել են հայ զորահրամանատարներ Ալեքսիոսը և Վասիլ Հայկազնը: Ավելի ուշ քաղաքական և տնտեսական սերտ կապեր են ստեղծվել Կիպրոսի թագավորության և Կիլիկյան Հայաստանի միջև, ինչի շնորհիվ հայկական գաղութը ստվարացել է ու բարգավաճել, իսկ թվաքանակով հայերը դարձել են կղզու երկրորդ համայնքը։ Հայերը իրենց կիպրացի եղբայրների հետ ուս-ուսի պաշտպանել են կղզին օտար նվաճողներից։ Երբ 14-րդ դարում ջենովացիները ռազմական հարձակում են ձեռնարկել, կղզու պաշտպանության մեջ իր էական ներդրումն է ունեցել հայկական զորամասը, որի պաշտպանած տարածքը կոչվել է «Հայոց դռներ»:

Փոխադարձ սիրո և հարգանքի վկան եղանք նաև Հայոց պատմության ամենադժդնակ օրերին, երբ Կիպրոսը գրկաբաց ընդունեց Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայորդիների: Առ այսօր ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ձեր երկրում ապրում ու բարգավաճում են, ինչը մեծապես վերագրում եմ Կիպրոսի իշխանությունների և կիպրացի ժողովրդի սրտացավ վերաբերմունքին:

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության տարելիցների ոգեկոչման արարողություններին հայերն ու եղբայր կիպրացիները միասին են հարգանքի տուրք մատուցում անմեղ զոհերի հիշատակին։

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններից մեկն էլ, որ գտնվում է Լառնակայում, կառուցվել է Նախագահ Խրիստոֆիասի անմիջական աջակցությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կիպրոսը մենք դասում ենք Հայաստանի ավանդական և մերձավոր բարեկամ երկրների շարքին, որոնց հետ փոխադարձաբար կարող ենք քննարկել առկա մտահոգությունները և ակնկալել աջակցություն:

Այս առումով չեմ կարող շրջանցել կիպրական հիմնախնդիրը, որի կապակցությամբ Հայաստանը միջազգային ատյաններում միշտ էլ աջակցել է Կիպրոսի Հանրապետության դիրքորոշմանը: Մեր այդ մոտեցումն այսօր էլ անփոփոխ է և խորապես գիտակցված:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Գաղտնիք չէ, որ հաճախ, երբ երկու պետությունների հարաբերությունները բոլորովին անամպ են լինում, եղածը գոհացուցիչ է համարվում և շեշտը դրվում է այն երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա, որոնց հետ խնդիրներ կան։ Մեր հարաբերությունները զերծ են դրանից. նույնիսկ համագործակցության այս բարձր մակարդակի պարագայում մենք մշտապես հոգ ենք տարել ու փայփայել ենք արդեն եղածը և արել հնարավորը` նոր բարձունքների հասնելու համար: Վստահ եմ` այդպես էլ շարունակելու ենք:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել Նախագահ Խրիստոֆիասի և հարգարժան տիկին Խրիստոֆիայի պատվին։

Փա՛ռք Կիպրոսին,
Փա՛ռք Հայաստանին,
Հաստատուն առաջընթա՛ց հայ-կիպրական եղբայրությանը:

← Վերադառնալ