27
11, 2010

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ կուսակցության կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը, նաև որպես Կուսակցության նախագահ, ՀՀԿ 20-ամյակի առթիվ շնորհավորել է կուսակցական ընկերներին` կարևորելով կանանց դերն ու ակտիվ գործունեությունը քաղաքական կյանքում: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համակուսակից կանանց հետ քննարկել նրանց բոլոր գաղափարներն ու նախաձեռնությունները, խրա¬խուսել և աջակցել դրանց իրագործմանը:

«Մենք պահպանողական կուսակցություն ենք, և մեր արժեքային համակարգում ընտանիքը, երեխաները, իհարկե, ամենակարևոր բաղադիրչներից են, բայց երբեք ոչ իմ, և ոչ էլ մեր կուսակցության ղեկավարության մտքով իսկ չի կարող անցնել, որ Հանրապետական կանանց գործունեությունը, կամ մեր հայ կանանց գործունեությունը պետք է սահմանափակվի ամուր, լավ ընտանիք ունենալով, երեխաների դաստիարակությամբ, կամ էլ ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելով: Ոչ, բնավ ոչ: Մենք միշտ ընդգծել ենք կանանց ակտիվության անհրաժեշտությունը: Մեզ համար շատ մեծ շռայլություն կլիներ, եթե փորձեինք սահմանափակել կանանց հնարավորությունները: Ես բազմիցս ընդգծել եմ և հիմա էլ ասում եմ, որ, անշուշտ, մենք մշտապես տեղ ենք տվել մեր կուսակից կանանց, բայց դեռևս այստեղ շատ մեծ անելիքներ ունենք: Միջին օղակներում, այո, կանանց մասնակցությունը բավականաչափ մեծ է, բայց, ինչպես կանայք, այդ թվում`Հանրապետական կանայք, այնպես էլ ամբողջ պետական համակարգը, պետք է տեսնեն, որ իրենք բարեխիղճ ծառայելու, բարեխիղճ աշխատելու ընթացքում զրկված չեն պաշտոնեական առաջխաղացումից: Սա շատ կարևոր հանգամանք է: Եւ մենք արդեն տեսնում ենք մեր շարքերում առավել ակտիվ անձանց, այդ թվում` կանանց»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կանանց կոչ է արել բաց ու անկեղծ երկխոսության և պատասխանել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին կյանքին առնչվող ամենատարբեր թեմաների, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականությանը:

ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար Սերժ Սարգսյանը մի խումբ կանանց նաև պարգևատրել է ՀՀԿ պատվոգրով:

← Վերադառնալ