17
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:

Նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Միությանը շնորհավորել է հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղձերի իրականացման:

«Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների դերը, ովքեր Հայաստանի անկախության վերստեղծումից ի վեր, հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների հետ կրում են և՛ հաջողությունների, և՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը` իրենց նպաստը բերելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին, միաժամանակ` միջպետական հարաբերություններում կամուրջ հանդիսանում համագործակցության խորացման և հարաբերությունների սերտացման համար: Այդ համատեքստում, Նախագահը խոսել է հարուստ պատմություն և հզոր մարդկային ներուժ ունեցող Ռուսաստանի հայ համայնքի մասին.

«Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագ-րերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսևորում է, որի զարգացմանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:

Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Արա Աբրահամյանին շնորհավորել և հանձնել է պետական պարգևը:

(Նախագահի խոսքն ամբողջությամբ ներկայացված է կայքի «Ելույթներ» բաժնում)

← Վերադառնալ