06
11, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր:

Գեղարքունիքի մարզում Նախագահը ծանոթացել է Սևան-Լճաշեն ճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ և հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ: Նախագահի հանձնարարությամբ, ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար միջոցներ կտրամադրվեն, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում` արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Հանձնարարվել է նաև մինչ այդ ապահովել ճանապարհի անցանելիությունը:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ և ճահճացած տարածքներում Սևանա լճի մաքրման աշխատանքներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի տեխնիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածքների քարտեզները: Հանրապետության ղեկավարը հանձնարարություններ է տվել նաև լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված` ընդգծելով ջրի մաքրման կարևորությունը:

Ավարտելով աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում` Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի:

← Վերադառնալ