29
10, 2010

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքն ամբողջությամբ

album picture
Սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սրտանց ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում: Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում արդեն ավանդական դարձած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների պաշտոնական հանձնման կապակցությամբ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից աշխարհում իսկապես շատ մեծ է: Պատահական չէ, որ դրանց զարգացումն ու ներմուծումն աշխատանքային և անգամ անձնական առօրյայում շատերը համեմատում են այն հեղափոխության հետ, որը ժամանակին տեղի ունեցավ գրատպության հայտնագործմամբ ու տարածմամբ:

Պատահական չէ, որ բերում եմ հենց այս օրինակը: Շուտով մենք տոնելու ենք հայ գրատպության հինգհարյուրամյակը: Հետաքրքիրն այն փաստն է, որ գերմանացի Յոհաննես Գուտենբերգի կողմից տպագրական սարքը հայտնագործելուց հետո մեր` հայերիս մեջ դրա տարածումը շատ չուշացավ: Ասեմ ավելին` հայ ժողովուրդն առաջինն էր այս տարածաշրջանում, որ ունեցավ տպագիր գիրք: Մոտավոր և հեռավոր բազմաթիվ մեր հարևաններին զիջելով քանակով, տարածքով ու պաշարներով` մենք երբեք և ոչ մեկին չենք զիջել մեր առաջադիմությամբ և գրագիտությամբ: Հետևաբար մենք մեր պատմությամբ ամրագրված պատգամ ունենք, որին պետք է հետևենք և բաց ճակատով փոխանցենք հաջորդ սերունդներին:

Սիրելի՛ բարեկամներ,

Տարիներ շարունակ մեր երկրում զգալի աշխատանք է կատարվել դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման ուղղությամբ: 2004-2009թթ. ընթացքում համակարգչային սարքավորումներ են տրամադրվել Հայաստանի 1153 դպրոցներին: Ներկայում աշակերտ/համակարգիչ միջին հարաբերակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների համար 1/30 է` 2003 թվականի 1/400-ի համեմատ: Այնուամենայնիվ, չնայած այս առաջընթացին, մեր դպրոցների համակարգչային հագեցվածությունը դեռ գոհացուցիչ չէ: Համեմատության համար ասեմ, որ այս նույն ցուցանիշը զարգացած երկրներում 1/5 է: Երբ որ մենք կունենանք այսպիսի ցուցանիշ` 1/2, 1/1, այն ժամանակ կասենք, որ, իրոք, մենք շատ մրցունակ ազգ ենք, որ այսօր մեր մրցունակության աստիճանը չի զիջում որևէ մեկին:

Ակնհայտ է, որ մեր դպրոցների նմանօրինակ համակարգչային հագեցվածությունը չի կարող բավարար համարվել: Սա գիտակցելով է, որ մենք սկսում ենք դպրոցների համակարգչային հագեցվածության բարձրացման առաջնահերթ ծրագիր: Դրա հիմնական նպատակն է` արդիականացնել մեր կրթության համակարգը, ինչպես նաև ընդլայնել ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև հաղորդակցության և բաց էլեկտրոնային շփումների հնարավորությունները: Ընդ որում, այս նորամուծությունները չեն կենտրոնանալու մայրաքաղաքում և հասու են լինելու անգամ հեռավոր համայնքներում:

Ծրագիրը կիրականացվի 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և դպրոցներին կտրամադրվեն վերջին սերնդի բարձրորակ համակարգչային սարքավորումներ: Մեր կարճաժամկետ նպատակն է` մինչև տարեվերջ Հայաստանում աշակերտ/համակարգիչ միջին հարաբերակցությունը բարձրացնել մինչև 1/25-ի` ներկայիս 1/30-ի փոխարեն, իսկ երկարաժամկետ կտրվածքով` մոտենալ զարգացած երկրների ցուցանիշներին: Վստահ եմ, որ այս և գալիք մեր ջանքերը ապահովելու են ձեզ պես խելացի երիտասարդների նոր բանակի կայուն համալրումը:

Ընդհանրապես, մենք պետք է լավ գիտակցենք, որ մեր օրերում արդեն հանրային կյանքի կազմակերպումն է պահանջում տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառում: Կարծում եմ` «էլեկտրոնային հասարակություն», «էլեկտրոնային կառավարություն» արտահայտությունները քաջ ծանոթ են բոլորիդ: Մենք արդեն իսկ հանդես ենք եկել մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է պետության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել էլեկտրոնային` այսինքն շատ ավելի արագ, պակաս ծախսատար, առավել արդյունավետ և որ ամենակարևորն է` քաշքշուկներից զերծ: Ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպման այս մոտեցումը կարող է շատ մեծ ընդգրկում ունենալ` հարկահավաքությունից մինչև ձեռնարկությունների գրանցում կամ լիցենզավորում, առողջապահությունից մինչև ընտրությունների անցկացում: Այլընտրանք չկա. մենք աշխարհի զարգացման տեմպից հետ մնալ չենք կարող և չենք էլ մնալու: Իսկ բոլոր այն քայլերը, որ այսօր իրականացնում է կառավարությունն այս ուղղությամբ, հենց այսօրվանից են մեծացնելու ձեզ նման տղաների և աղջիկների կարևորությունը մեր հասարակության մեջ:

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ այս պարգևներին արժանանալու կապակցությամբ: Ստանալով այս մրցանակները` դուք այսօր ստանձնում եք նաև մի կարևոր դերակատարություն: Դուք հնարավորություն ունեք մեր օրերում կատարել այն դերը, որ ժամանակին մեր ժողովրդի պատմության մեջ ունեցել են Հակոբ Մեղապարտն ու Ոսկան Երևանցին: Ավելին, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը և դրանց սրընթաց տարածումն աշխարհով մեկ, դուք կարող եք նման դեր ունենալ ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության համար:

Սրտանց մաղթում եմ ձեզ, սիրելի՛ բարեկամներ, որ այս մրցանակը, լինելով ձեր առաջին ձեռքբերումն այս բնագավառում, դառնա ձեր ապագա վերելքի սկիզբը:

Մենք կգտնենք միջոցներ և ուղիներ ձեր ուսումն ու աշխատանքն այս ոլորտում խրախուսելու համար: Այսօր, ի դեմս ձեզ, ևս մեկ անգամ կոչ եմ անում մեր երիտասարդներին իրենց ապագան կառուցել գիտելիքով ու ստեղծագործելու հմտությամբ:

Կրկին ուզում եմ շեշտել, որ մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք: Դրա շնորհիվ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը: Դրանց դիմաց անզոր են և՛ կապիտալը, և՛ պետական սահմանները, և՛ մեծաքանակ բանակները: Ուստի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մենք ունենք անսպառ զարգացման ներուժ:

Հարգելի՛ բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում «Սինոփսիս» ընկերությանը, նրա Հայաստանի մասնաճյուղին: Այս մրցանակը մեր համատեղ ձեռնարկն է: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ներդնում այս ծրագիրը կյանքի կոչելու գործում:

Բայց երախտագիտության ամենակարևոր խոսքս ուղղում եմ ձեզ, սիրելի՛ մրցանակակիրներ, ձեր ծնողներին, ընտանիքներին, ում հետ կիսում եմ ձեր հաջողության ուրախությունը: Սա ձեր առաջին քայլն է: Վստահ եմ` ձեր նոր հաջողությունները սարերի հետևում չեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ ձեզ:

← Վերադառնալ