26
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին:

Նախագահը շնորհավորել է Անդրեյ Կոնդակովին` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ողջունել է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործունեությունը` կարևորելով բանկի կողմից տրամադրվող միջոցների մատչելիությունը:

Անդրեյ Կոնդակովը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրև բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությունը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ, կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչվող ծրագրեր և նոր գաղափարներ:

← Վերադառնալ