21
10, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Հայաստանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը:

Նախագահը ողջունել և կարևորել է Երևանում ֆորումի անցկացումը, հույս հայտնելով, որ դրա շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

«Մարդու և քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու և մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչև վերջ, թեև ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Երևանում անցկացված երկօրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն և՛ ԵԽ-ի, և՛ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումներին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է` օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ` մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եւ որքան առաջ ենք ընթանում` նորերն են ավելանում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատել նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունեությունը` նշելով, որ նա աջակցում է Եվրոպայի խորհրդում ձեռնարկվող բարեփոխումներին, որոնք միտված են կազմակերպությունն ավելի նպատակային դարձնելու և ժողովրդավարության ապագա մարտահրավերներին ավելի լավ նախապատրաստելու համար:

← Վերադառնալ