16
10, 2010

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Տաթեւի ճոպանուղու գործարկման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 16-ին, այցելել է Գորիսի նորակառույց սրտաբանական հիվանդանոց: Առողջապահական այս հաստատությունը նպատակ ունի արագ բուժօգնություն ցուցաբերել Հայաստանի հարավային տարածաշրջանի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի բնակչությանը:

Գորիսում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել նաեւ քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնակատարությանը: Տոնական միջոցառումների շրջանակում, Գորիսում բացվել է Գրիգոր Տաթեւացու արձանը:

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ հարյուրից ավելի սփյուռքահայ լրագրողների եւ խմբագիրների հետ, ովքեր Երկրի ղեկավարի հետ հանդիպման նպատակով Գորիս են ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից, որտեղ մասնակցել են Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին:

Գորիսից Նախագահը մեկնել է Հալիձոր: Այս բնակավայրից մեկնարկել է “Տաթեւի վերածնունդ” ծրագիրը: Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հալիձոր եւ Տաթեւ գյուղերը միացնող աշխարհի ամենաերկար ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողությունը: Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով ձգվող 5.7 կմ երկարությամբ ճոպանուղին նոր հնարավորություններ է բացում վանական համալիրը այցելուների համար հեշտ հասանելի դարձնելու տեսանկյունից:

Ծրագիրը նպատակաուղղված է Տաթեւի մերձակա շրջանների զարգացմանը, Հայաստանի այդ հնագույն եւ հեղինակավոր վանական համալիրի հոգեւոր, գիտական եւ մշակութային ավանդույթների երբեմնի համբավի ու փառքի վերականգնմանը:

Ճոպանուղու գործարկման արարողությանը Հանրապետության ղեկավարի հետ ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԼՂՀ Նախագահը, հասարակական, քաղաքական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հարյուրավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ծրագրի բարերաներն են: Ճոպանուղու բացման կապակցությամբ` Նախագահ Սերժ Սարգսյանը Տաթեւում ողջույնի խոսք է հղել, որում, մասնավորապես, ասված է.

“Վեհափա՛ռ Տեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում: “Տաթևի վերածնունդ” ծրագրի մեկնարկը հաճելի առիթ է կրկին այցելելու և վայելելու Սյունյաց աշխարհի անկրկնելի բնապատկերներն ու միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցները: Այսօր այս բնապատկերը հարստանում է ժամանակակից ճոպանուղով, որը կոչված է նոր հմայք հաղորդելու Որոտանի կիրճին և նոր ու անջնջելի տպավորություններ պարգևելու այցելուներին:

Աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցմամբ մենք նպատակ չունենք որևէ մեկին զարմացնել: Մեր հետապնդած նպատակներն իհարկե համեստ են աշխարհի չափանիշներով, բայց ունեն բացառիկ կարևորություն Տաթևի ու նրա հարակից տարածքների համար: “Տաթևի վերածնունդ” ծրագիրը Հայաստանի հարավի համակողմանի զարգացման ռազմավարության նշանակալի բաղադրիչ է, ինչպես նաև լուրջ ազդակ այս շրջանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի աշխուժացման համար:

Սա պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ խոշորագույն նախաձեռնություններից է, որ այսօր իրականացվում է Հայաստանում: Սյունյաց անկրկնելի բնության այս չքնաղ ձորը նախ կտրել-անցել է մարդկային միտքը: Հետո հսկայական թռիչքի այդ միտքը ոգևորել է բազում մարդկանց: Այսօր էլ թռիչքի հերթն արդեն կառուցված ճոպանուղունն է, որը միացրեց պատմությունն ու ապագան, ավանդականն ու ժամանակակիցը, մշակույթն ու բիզնեսը: Գործող ճոպանուղին կենդանի վկայությունն է այն բանի, որ նույնիսկ ամենաանհավանական թվացող երազները հաստատապես կարելի է իրականություն դարձնել, և բոլոր դժվարություններն աներկբա տեղի են տալիս, երբ կա հստակ նպատակադրում, կա վարակիչ ոգևորություն, կա հավատ, որ ճիշտ ու կարևոր բան ես անում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր նշանավոր ու տոնական առիթով մենք գտնվում ենք հայ ժողովրդի բնօրրաններից, հազարամյակների հայոց մշակույթի և գիտական մտքի հնագույն օջախներից մեկում` Սյունիքում: Այստեղ անցյալն ամփոփվում է ապագայի լույսով: Այստեղ վերքերը լռել, իսկ քարերը խոսել գիտեն: Շատերն են երազել ու շարունակում են երազել այս հողում սեփական բիրտ հետքը թողնել, որ սովորաբար ավերածությունների հետքն է: Բայց այստեղ մշտապես իշխել ու իշխելու են հայոց կոթողները, իսկ քարերն այստեղ մշտապես խոսել եւ խոսելու են հայերեն:

Տաթևի վանական համալիրն ու համալսարանը մեր գիտության ու մշակույթի ամենաակնառու պատմական կենտրոններից են: Տաթևն արժանիորեն մեծ համբավ էր վաստակել` շնորհիվ այստեղ իր բեղմնավոր գործունեությունը ծավալած Գրիգոր Տաթևացի վարդապետի, ով աշակերտն էր Հովհան Որոտնեցու: Խորհրդանշական է, որ հայ և համաշխարհային աստվածաբանության մեծագույն դեմքերից մեկի` Գրիգոր Տաթևացու` սրբերի դասին միանալու 600-ամյակի տոնակատարությունները և "Տաթևի վերածնունդը" ժամանակագրորեն համընկնում են: Հայ գրչի հնագույն այս օրրանին ու նրա շրջակա տարածքներին նոր շունչ հաղորդելը նաև շատ լավ նվեր է Հայոց գրատպության 500-ամյակի առթիվ, որը մենք շուտով նշելու ենք:

Հարգելի՛ ներկաներ,
Ես շնորհավորում եմ բոլորիս: Ինչպես ասում են. "Լավ սկիզբը գործի կեսն է": "Տաթևի վերածնունդը" Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությունն է, որը ջերմ աջակցություն է գտել մեր կառավարության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և բարերարների կողմից: Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ռուբեն Վարդանյանին, ով դարձավ նախագծի իսկական առաջնորդն ու շարժիչ ուժը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այս գործակցության մեջ ընդգրկված բոլոր անհատներին ու կազմակերպություններին` անհավանական թվացող նախաձեռնության, հավատի, դժվարություններից չվախենալու, ձեռք ձեռքի աշխատելու և առկա արդյունքների համար: Կարծում եմ` յուրաքանչյուր այցելու երախտագիտությամբ է հիշելու նաև շինարարներին, ովքեր իսկապես հսկայական գործ են կատարել:

Միջազգային ասպարեզում մրցունակ լինելու համար մենք երբեմն հեռավոր երկրներ գնալու և սովորելու կարիքն ենք ունենում, և դա օրինաչափ է: Բայց կան դասեր, որոնք մենք պետք է քաղենք այստեղ: Տաթևի համալիրը կառուցողները իրենց ժամանակի ամենամրցունակ ճարտարապետներից էին: Տաթևի համալսարանն իր ժամանակի ամենամրցունակ կրթօջախներից էր, իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին մինչ օրս էլ աշխարհի ամենամրցունակ մտածողներից է:

Վերածնված Տաթև նշանակում է վերածնված Սյունիք, ուրեմն նաև` մրցունակ Հայաստան:

Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն”:

← Վերադառնալ