Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի եւ Արարատի մարզերում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի եւ Արարատի մարզերում:
Արագածոտնի մարզում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս” ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին, ընկերության տեխնիկական հնարավորություններին ու հետագա ներդրումային ծրագրերին, որոնցից մեկին` գինու-կոնյակի գործարանի կառուցմանը սկիզբ է դրվել այսօր: Նախագահ Սարգսյանը մասնակցել է գործարանի հիմնարկեքի արարողությանը` հաջողություններ մաղթելով ընկերությանը` այդ եւ հետագա բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք ուղղված են հայրենական արտադրության խթանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Նշվել է, որ գործարանի առաջին հերթափոխի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ.:
Հանրապետության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ Արագածոտնի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար անմշակ տարածքների վրա “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս” ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել` տարածքը քարերից մաքրելու, բարեկարգելու եւ գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու, ինչպես նաեւ այգիներ հիմնելու, տեխնիկա ձեռք բերելու, ենթակառուցվածքներ, ճանապարհներ ստեղծելու ուղղությամբ: Տարածքն ունի բարձրակարգ ոռոգման ջրային ցանց եւ էլեկտրաֆիկացված է:
Ընկերության ղեկավարության հավաստմամբ, լուծված է նաեւ արտադրանքի իրացման շուկայի խնդիրը. ստացված արտադրանքը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաքվելու է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ: Նախատեսվում է նաեւ տարածքում կառուցել դեգուստացիոն սրահներ եւ զարգացնել ագրոտուրիզմը`կազմակերպելով զբոսաշրջիկների այց այգիներ, գինու, կոնյակի արտադրամասեր եւ, նորաստեղծ դեգուստացիայի սրահներ, որտեղ ներկայացվելու է “Գոլդեն Գրեյփ ԱրմԱս”-ի արտադրանքը: Աշխարհում օրգանապես մաքուր մթերքների նկատմամբ աճող պահանջարկից ելնելով` նախատեսվում է արտադրել քիմիազերծ, անարատ մթերք եւ խմիչք:
Արարատի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է հիմնանորոգված եւ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած “Արարատի բժշկական կենտրոն” ՓԲԸ, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են մարզային այդ առողջապահական հաստատությունում իրականացված աշխատանքն ու բնակչությանն առողջապահական ծառայություններ մատուցելու համար ստեղծված արդի պայմանները: Նշվել է, որ Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում “Արարատի բժշկական կենտրոն”-ը, հիմնանորոգման արդյունքում, այսօր ունի ժամանակակից կահավորմամբ վիրասրահներ, անհետաձգելի և ինտենսիվ բուժման հիվանդասենյակներ, բազմաբնույթ ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզում այցելել է նաեւ Ավշարի գինու գործարան, որն ավելացրել է իր արտադրական հզորությունները, կառուցել նոր արտադրամասեր եւ ներդրել նոր տեխնոլոգիաներ: Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրության պայմաններին, ինչպես նաեւ ներկա է գտնվել խաղողի մթերման գործընթացին, զրուցել գյուղացիների հետ: