12
09, 2010

Նախագահ Սարգսյանը մասնակցել է "Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ" համաժողովին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ անցկացվող "Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ" միջազգային երկօրյա համաժողովի եզրափակիչ նիստին:

Հանրապետության ղեկավարին են ներկայացվել Հայաստանի տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարների ու հնարավորությունների, այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին քննարկումների ամփոփ արդյունքները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի համաժողովին մասնակցող բարձրաստիճան ներկայացուցիչներին նման կարեւոր միջոցառման անցկացմանն աջակցելու համար: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետների եւ նրանց հայաստանյան գործընկերների երկօրյա շահագրգիռ ու արդյունավետ քննարկումները դրական մեծ ազդեցություն կունենան, որպեսզի Հայաստանը կարողանա համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրողություններին համահունչ զարգացում ապահովել:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին քննարկումների արդյունքում նախանշված նպատակները, դրանց իրագործման մոտեցումները հստակ ծրագրերի վերածելու եւ կյանքի կոչելու գործում: Հանրապետության ղեկավարը վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները կանեն հնարավորը` դրանք ժամանակին եւ արդյունավետությամբ իրականացնելու համար:

← Վերադառնալ