30
08, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Արցախ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում ստեղծված պայմաններին:

Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում բարձրաստիճան հյուրերին ներկայացրել են, որ 560 աշակերտի համար կառուցված այդ ուսումնական հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով` գրադարան, մարզադահլիճ, սպորտհրապարակ, ռազմագիտության, աշխատանքի եւ համակարգչային դասասենյակներ, բուժկետ եւ այլն: Դպրոցի տարածքը բարեկարգվել է, ստեղծվել է կանաչ գոտի, իրականացվել են արտաքին լուսավորության աշխատանքներ:

Թիվ 11 դպրոցում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ ուսուցիչներից մեկի հարցին, որը վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով` կարգավորման ներկայիս ձեւաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծին: (Ստորեւ ներկայացվում է հարցուպատասխանն ամբողջությամբ) :

Նախագահ Սարգսյանը շրջել է նաեւ հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որի երաժշտագեղարվեստական, տեխնիկական ստեղծագործությունների, կիրառական արվեստի եւ կենցաղային էսթետիկայի բաժիններում ըստ նախասիրությունների զբաղվում է 1000 երեխա:

ՀՀ Նախագահն այնուհետեւ այցելել է վերանորոգման ավարտական փուլում գտնվող Ստեփանակերտի կենտրոնական պուրակ, որն իր նորությամբ` “երգող շատրվաններով”, առավել բարեկարգ եւ գեղեցիկ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Պուրակի հանդիսավոր բացումը նախատեսվում է ԼՂՀ Անկախության օրվա նախօրեին:



***


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի ուսուցչի հարցին

Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում եւ բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը եւ չեն հասկանո՞ւմ, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, եւ նրանց հետ ոչ մի կապ չունի:

Ս. Սարգսյան-Լավ կլինի, որ այս հարցը Ալիեւին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի եւ, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով եւ մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե, պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որեւէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: Ձեր խնդիրը` երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է եւ ոչ միայն դպրոցում, այլ որպեսզի նրանք, ընդհանրապես, կյանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն ավելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով` զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն:

Իսկ հիմա ավելի կոնկրետ` այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձեւ (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձեւին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերեւս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձեւին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձեւերի ընդունումը չի կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:

Սա` մի հանգամանք, եւ երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, եւ այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործենք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից եւս քայլեր կլինեն, եւ այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին:

Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե` դեռեւս պրոբլեմներով լի, բայց պետություն է, եւ այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է:

Գիտեք, դուք երեխաներին բացատրում եք, որ տարին ունի չորս եղանակ, եւ որեւէ մեկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եւ այդպես էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակվելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պետք է շարունակեք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինվորները` իրենց ճակատում: Եւ եթե մենք կարողանանք մեր բնագավառներում հաջողության հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են:

← Վերադառնալ