24
08, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը եւ հանձնակատարի գրասենյակը շուրջ երկու տասնամյակ արդյունավետ համագործակցում են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման եւ նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի ցուցաբերած աջակցության համար:

Նախագահն ընդգծել է, որ, չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռեւս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարեւորել է փախստականներին բնակարաններով ապահովելու գործում հանձնակատարի գրասենյակի եւ կառավարության միջեւ համագործակցության շարունակականությունը:

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ եւ նպատակամղված երկարամյա համագործակցությունը, իսկապես, մեծ արդյունքներ է տվել:

Նախագահը եւ Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի վերոհիշյալ գրասենյակի միջեւ համագործակցության առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, կարեւորել 2011թ. կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին մասնակցելու համար կհրավիրվի նաեւ Կազմակերպության` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի` փախստականներին աջակցության ծրագրերում:

← Վերադառնալ