Մամուլի հաղորդագրություններ
Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Այսօր Երեւանում մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող եւ նախատեսվող միջոցառումները, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձեւավորման եւ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի պաշտոնական հանդիպման կազմակերպչական հարցերը:
Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ոչ պաշտոնական հանդիպման այս ձեւաչափը բավականին արդյունավետ է գործում: “Չսահմանափակվելով կոնկրետ օրակարգով եւ քննարկելով ամենատարբեր հարցեր` մենք, որպես կանոն, վատ արդյունքների չենք հասնում: Ընդամենը կես տարի առաջ ներկայացվեց արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման որոշումը, եւ դրանք այսօր արդեն ձեւավորված են` պատրաստ կոլեկտիվ հիմքերով լուծելու իրենց առաջադրվող խնդիրները: Անցկացվել են այդ ուժերի առաջին զորավարժությունները, եւ պատրաստվում ենք հաջորդին:
Վստահ եմ, որ մենք այսօր եւս կարծիքներ կփոխանակենք անդամ-երկրների առավել արդիական հարցերի, ՀԱՊԿ-ի ներուժի արդյունավետության հետագա բարձրացման եւ Կազմակերպության պատասխանատվության շրջանակում գտնվող տարածքների խաղաղության, անվտանգության ու կայունության ապահովման աշխատանքների շուրջ”,- ասել է ՀՀ Նախագահը:
ՀԱՊԿ խորհուրդը նախագահող ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գագաթնաժողովի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հյուրընկալության համար եւ նշել, որ երեւանյան հանդիպումից նույնպես գործնական մեծ արդյունքներ են ակնկալվում: “Ավանդույթի համաձայն, այս ձեւաչափը, չնայած ոչ պաշտոնական լինելուն, ցույց է տվել իր արդյունավետությունը: Համենայնդեպս, այն, ինչ խոսվել է` դարձել է գործնական որոշում, եւ հենց դրանով է չափվում մեր աշխատանքը ”,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:
Գագաթնաժողովի ավարտին ՀՀ եւ ՌԴ նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել են գագաթնաժողովի արդյունքները: Հանդիպման ներկա է եղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այնուհետեւ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները մեկնել են Սեւան, որտեղ “Հարսնաքար” համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները: