20
08, 2010

Նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւը Գյումրիում ներկա են գտնվել “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում այսօր ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը:

ՀՀ Նախագահն իր խոսքում ընդգծել է ռուսական բանակի աջակցության պատմական նշանակությունը հայ ժողովրդի համար, նշելով, որ այս վայրերում են մղվել ռուս-թուրքական պատերազմների կովկասյան ճակատի ամենադաժան մարտերը, եւ բազում ռուս զինվորներ ու սպաներ “Պատվո բլուրում” են գտել իրենց վերջին հանգրվանը: Նախագահի խոսքերով` “Պատվո բլուրի” վերականգնումը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ է: “Իսկապես, ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա: Այստեղ` “Պատվո բլուրում”, վերականգնվել է ռուս սպաների հուշարձանը, որը պայթեցվել էր 1919 թ. Կարսում` պատմական իրադարձությունների ցավալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում հայտնված քաղաքում: Մենք հարգում ենք մեր պատմությունը, հարգում ենք զինվորների հիշատակը, ովքեր իրենց վերջին հանգրվանը գտան հայկական հողում: Հիշելով մեր հերոսներին` մենք պետք է խաղաղության եւ արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին: Արժանի´ եղեք նահատակվածների հիշատակին”,- ասել է Նախագահ Սարգսյանը:

“Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաեւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

ՀՀ եւ ՌԴ նախագահները ծաղկեպսակ են դրել “Պատվո բլուրում” ռուս սպաների հիշատակի հուշարձանին, արծաթափայլ եղեւնի են տնկել հուշահամալիրի տարածքում, այցելել այնտեղ գտնվող ռուսական մատուռ:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիից վերադարձել են Երեւան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների այսօր մեկնարկող ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Տեղեկանք. “Պատվո բլուր” հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: Անցած տասնամյակներում բարձիթողի վիճակում գտնվելուց հետո, 2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական “Պատվի գործ” կազմակերպության համատեղ ջանքերով, այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան:

← Վերադառնալ