22
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի հետ

album picture
album picture
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` կանցլեր Անգելա Մերկելի հետ այսօր ունեցած հանդիպմանը հաջորդել է ԳԴՀ Բունդեսռաթի նախագահ, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի հետ հանդիպումը:

Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, եւ առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն:

Նախագահները երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել են գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսվել է նաեւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:

ՀՀ Նախագահի հաջորդ հանդիպումը կլինի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:

← Վերադառնալ