11
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ են այցելել հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի համաղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի նախաձեռնությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունելով հյուրերին` ընդգծել է, որ հատկապես բարձր է գնահատում Արցախ այցելելու նրանց որոշումը: “Դա ձեզ հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու իրադրությանը, լսելու Ղարաբաղի ղեկավարության, հասարակ մարդկանց կարծիքը, պատկերացում կազմելու նրանց ձգտումների եւ հաղթահարելիք մարտահրավերների մասին: Եւ այդ ամենը ձեզ հնարավորություն կընձեռի համապատասխան քննարկումների ժամանակ ներկայացնել ոչ թե միջնորդավորված տեղեկատվություն, այլ այն, ինչ դուք անձամբ եք տեսել եւ լսել”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հյուրերը Նախագահին պատմել են իրենց տպավորությունների մասին, բազմաթիվ հարցեր ուղղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարների, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիրների կարգավորման հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ:

Ֆրանսիացի խորհրդարանականներն ասել են, որ անչափ մեծ է տարբերությունը Արցախի շուրջ մինչ այցն ունեցած իրենց պատկերացումների եւ փաստացի տեսածի միջեւ` հօգուտ վերջինիս: Նրանց խոսքերով` ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ձգտում են ժողովրդավարական կանոններով կազմակերպել հասարակական կյանքը, ինչի վկայություններից է նաեւ վերջերս անցկացված հերթական ԱԺ ընտրությունները: Հյուրերը նշել են, որ հատկապես տպավորված են այն բանով, թե ինչ անվտանգ, ապահով եւ խնամված է Ստեփանակերտը, ինչը բնորոշ չէ պատերազմի վտանգի ներքո ապրող քաղաքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին Հայաստանի եւ Արցախի հանդեպ նրանց ցուցաբերած մշտական հետաքրքրության համար` ասելով, որ խորհրդարանական համագործակցությունը երկկողմ կապերի զարգացման, փոխըմբռնման եւ վստահության ձեւավորման լավագույն միջոցներից է:

← Վերադառնալ