10
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ բարոնուհու եւ նրա համախոհների ավանդական դարձած այցելությունները Հայաստան եւ Արցախ, հայկական կողմի հետ նրանց արդյունավետ համագործակցությունը բարձր գնահատանքի են արժանի: "Մեկ անգամ եւս շնորհակալություն Ձեզ եւ Ձեր ընկերներին` երկար տարիների հետեւողական աշխատանքի համար",- ասել է Նախագահը:

Բարոնուհի Քոքսը Նախագահ Սարգսյանին պատմել է իր` թվով արդեն 70-րդ այցելության ընթացքում ստացած տպավորությունները: Նա ասել է, որ ինչպես նախորդ այցերին, այնպես էլ այս անգամ ուրախությամբ արձանագրել է, որ թե Երեւանում եւ թե Ստեփանակերտում մեծ դրական փոփոխություններ են կատարվում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրությունը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի` հարեւան երկրների հետ խնդիրները բանակցությունների եւ համագործակցության միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խոսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ստահոդ ակտիվ քարոզչությանը վերջինիս հնարավորություն է տալիս հաճախ մոլորության մեջ գցելու նույն այդ հանրությանը:

← Վերադառնալ