04
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը կենսաթոշակային բարեփոխումների շուրջ խորհրդակցություն է անցկացրել

album picture
album picture
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցությանը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման մեծածավալ բարեփոխում նախաձեռնելով` պետությունը պարտավոր է ամենայն մանրամասնությամբ քննարկել դրա հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծումները, գնահատել ռիսկերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող բոլոր պետական կառույցները պետք է մեծ հետեւողականություն ցուցաբերեն դրանց նախապատրաստման եւ կիրառման գործընթացներում:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել են ՀՀ Նախագահի` այս թեմայով անցկացրած նախորդ խորհրդակցության ժամանակ հնչած մտահոգությունների եւ հարցադրումների շուրջ պարզաբանումներ` հիմնված ուսումնասիրությունների, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գնահատումների վրա:

Մասնավորապես, խոսվել է կենսաթոշակային բարեփոխումների` պետբյուջեի, տնտեսավարողների հարկային բեռի, աշխատավարձերի հարկման չափերի վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող խնդիրների մասին: Անդրադարձ է կատարվել կուտակային կենսաթոշակային հիմնադրամների արդյունավետ կառավարման, գումարների ապահովության երաշխիքների, հասարակության համար այս համակարգի ներդրման հետ կապված ծառայությունների մատչելիության հարցերին:

Նախագահ Սարգսյանը խորհրդակցության ավարտին եւս մեկ անգամ ընդգծել է կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգը հասարակության տարբեր խմբերի` աշխատանքային կոլեկտիվների, ուսանողների եւ այլոց հետ քննարկելու անհրաժեշտությունը. "Հայեցակարգը կարող է իսկապես լավ մշակված լինել, բայց միայն մարդկանց հետ քննարկելով հնարավոր կլինի ձեւավորել վստահության անհրաժեշտ պաշար այն իրականություն դարձնելու համար: Միայն լրատվամիջոցներով մարդկանց բացատրելը բավարար չէ: Այսպիսի մեծ փոփոխության դեպքում բազում հարցեր կարող են առաջանալ, ուստի, հասարակությանը պետք է հնարավորություն ընձեռվի տալու այդ հարցերը եւ ստանալու սպառիչ պատասխաններ: Միայն այդ դեպքում քաղաքացին կարող է վստահել նոր համակարգին",-ասել է երկրի ղեկավարը:

← Վերադառնալ