01
06, 2010

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը

album picture
album picture
Այսօր Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, տնտեսական համագործակցությանը, հումանիտար ոլորտում շփումների ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ողջունելով Հայաստանի իր գործընկերոջը` ՌԴ Նախագահն ասել է. “Մենք որպես մոտ գործընկերներ, ռազմավարական դաշնակիցներ պետք է հաճախակի հանդիպենք: Ըստ էության, մենք հենց այդպես էլ վարվում ենք: Վերջերս Դուք մասնակցեցիք մայիսի 9-ի` ֆաշիստական զավթիչների դեմ այն ժամանակ մեր ընդհանուր պետության Հաղթանակի 65 –ամյակի տոնակատարություններին: Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել, որ Դուք այդ օրը մեզ հետ էիք: Դա ցույց է տալիս մեր պետությունների մերձավորության աստիճանը եւ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հետագա ցանկությունը”:

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների արդյունքների մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Հայաստանի Նախագահը կարեւորել է նման աշխատանքային հանդիպումները եւ ասել. “Կարծում եմ, որ սա լավ ձեւաչափ է: Եւս մեկ անգամ շնորհակալություն հրավերի եւ այս գեղեցիկ քաղաք այցելելու հնարավորության համար:

Դոնի Ռոստովի եւ մարզի հետ հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության մի ամբողջ շարք անուններ են կապված: Այստեղ կա մեծ սփյուռք: Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի հարավային մասի սփյուռքի ներկայացուցիչների հետ”:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Մեծ հաղթանակի 65-ամյակի միջոցառումների փայլուն կազմակերպման համար եւ ասել. “Ես հպարտ էի. հզոր շքերթը մեր ընդհանուր պատմության եւ մեր մարտական եղբայրության հրաշալի հիշեցում էր”:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` այս տարվա օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ:

← Վերադառնալ