26
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Քննարկվել է Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Եվրամիության հետ համագործակցությունը ՀՀ Նախագահը կարեւորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրամիության հետ մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունն այն դաշտն է, որտեղ կարող են հարաբերություններ զարգանալ ոչ միայն Եվրամիության հետ, այլեւ ծրագրում ներառված վեց գործընկեր երկրների միջեւ:

Քննարկվել են նաեւ Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախաձեռնությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային եւ նորմատիվային միջոցառումներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրամիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին: ՀՀ Նախագահը նշել է, որ տեղաշարժի ազատականացումը զգալիորեն կխրախուսի մարդկային շփումները, ինչն իր հերթին լավ նախադրյալներ կստեղծի տարբեր բնագավառներում իրական գործընկերային հարաբերությունների զարգացման համար:

Զրուցակիցները խոսել են նաեւ ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության մասին` գոհունակություն հայտնելով նրա արդյունավետ աշխատանքից:

← Վերադառնալ