13
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ Նախագահի 2009թ.մրցանակները

album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009թ. մրցանակների հանձնման արարողությունը: Մեկ տասնյակից ավելի անվանակարգերում մրցանակներ են շնորհվել գիտության եւ արվեստի բնագավառների 21 ներկայացուցիչների:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով մրցանակակիրներին` նշել է, որ ամենամյա այս մրցանակաբաշխությունն իրապես կարեւոր եւ գեղեցիկ մտահղացում է: Նախագահի խոսքով` մրցանակները ոչ միայն խրախուսում են դափնեկիրներին, այլեւ հասարակության առանձնահատուկ ուշադրությունը հրավիրում արվեստի եւ գիտության մեր վերջին նվաճումների վրա, մեծացնում հասարակության ակնկալիքները մրցանակակիրներից:

"Բոլոր մրցանակային աշխատանքները հավասարապես թանկ են մեզ համար, բայց ցանկանում եմ առանձնացնել այն երկու մրցանակակիրներին, ում գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանը եւ ունի դրա ժխտմանը հակազդելու առաքելություն: Կարծում եմ` բոլորիս համար էլ ակնհայտ են այս ասպարեզում արձանագրվող մեր հաջողությունների կարեւորությունն ու արդիականությունը: Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր երիտասարդ մրցանակակիրներին` նկարիչներին, երաժիշտներին ու գրողներին, որոնց մուտքը մեծ արվեստ այսօր նշանավորվում է մրցանակով: Հուսով եմ, որ այս իրողությունը նրանց համար խթան է լինելու եւ նոր փուլ է նախանշելու իրենց ստեղծագործական կյանքում: Մեր գիտնականներին մաղթում եմ արժանիորեն շարունակել ճշգրիտ գիտությունների բնագավառում մեր գիտության հարուստ ավանդույթները: Համոզված եմ, որ հատկապես նման աշխատանքներով է բարձրանալու մեր գիտության եւ գիտնականների մրցունակությունն արդի աշխարհում: Թե' գիտության եւ թե' արվեստի նվաճումները յուրաքանչյուր ժողովրդի ապրելու եւ զարգանալու պարտադիր բաղկացուցիչներն են: Ստեղծելով, ստեղծագործելով ու կրթելով` մենք նոր ժամանակի շունչն ենք հաղորդում մեր ժողովրդի դարավոր երթին եւ լավ արդյունքներ կարձանագրենք, եթե չպակասի հավատը, եռանդը եւ հարգանքը աշխատանքի ու ստեղծելու նկատմամբ: Ձեր հաջողությունները մեր երկրի ապագայի ուղին են հարթում, եւ ես կասկած չունեմ, որ այդ ապագան լինելու է լուսավոր եւ պայծառ",- ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաեւ երախտիքի խոսք է ուղղել ֆրանսահայ Պողոսյան ընտանիքին, ում նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2001թ. հիմնվել է ՀՀ Նախագահի մրցանակը, որին մինչ օրս արժանացել են 161 անհատներ:

← Վերադառնալ