28
04, 2010

ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սարգսյանը մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” ցուցահանդեսի բացմանը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու “Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Այցի ընթացքում ՀՀ Նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի “Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջազգային այս ցուցահանդեսը տեղի է ունենում տարբեր երկրներում` հինգամյա պարբերականությամբ եւ ներկայացնում է երկրների նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում: Նախագահ Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ` գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում:

Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության “Շանսի-Նաիրիտ” համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 3-ին:

← Վերադառնալ