26
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներին եւ Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ է համարում Ակադեմիայի օրերս անցկացված տարեկան ընդհանուր ժողովից հետո գիտնականների հետ քննարկել գիտության զարգացմանը խոչընդոտող խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: "Այս թեմայով մինչ այժմ եղած քննարկումները նախանշում են ճիշտ ճանապարհը. կարծում եմ` մեր առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության եւ տնտեսության հետ սերտ շաղկապելն է",-ասել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը խոսել է մեր երկրում գիտությունը եւ կրթությունը զարգացնելու երեք առանցքային ուղիների մասին. "Առաջին ճանապարհը, որով մենք պետք է շարժվենք, առկա ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորումն ու ավելի արդյունավետ օգտագործումն է, այսինքն` բարեփոխումների շարունակականության ապահովումը: Երկրորդ ճանապարհը նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծումն է, ինչպիսին, օրինակ, հիմնադրեցինք Տավուշում` ժամանակակից ինտերնատ-դպրոց, որտեղ ուսուցումը լինելու է օտար լեզվով եւ կիրառվելու են ուսման բնագավառում ամենաժամանակակից ձեռքբերումները: Երրորդ ճանապարհը մեր ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու գիտական հաստատություններում կրթվելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է",- նշել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարի բազմապատկվելու են հայաստանցի ուսանողների ուսումն արտերկրյա առաջատար բուհերում ֆինանսավորող "Լույս" հիմնադրամի միջոցները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ կարողանան ուսանել արտերկրում: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը` ասելով, որ այդ ուղղությամբ եւս պետք է քայլեր ձեռնարկվեն: Հանրապետության նախագահը խոսել է նաեւ պետության պատրաստակամության մասին` լուծելու երիտասարդ գիտնականների սոցիալական որոշ խնդիրներ. "Գիտեմ, որ երիտասարդ գիտնականներին բնակարաններով ապահովելու խնդիր կա, եւ մենք պատրաստ ենք շատ լուրջ ներդրում կատարել այս գործում: Սակայն, այդ աջակցությունը պետք է ստանան միայն ու միայն այն երիտասարդ գիտնականները, ովքեր գիտության մեջ իսկապես խորանալու մտադրություն ունեն, ոչ թե նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց հետո մի քանի ամիս ինչ-որ գիտական հաստատությունում աշխատում են եւ հետո գնում այլ ուղղությամբ",- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ակադեմիկոսները երկրի ղեկավարի հետ զրուցել են գիտության զարգացումը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին: Դրանցից առաջնահերթ է համարվել այն, որ Ակադեմիան համապատասխան փորձակոնստրուկտորական ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում իր գիտական արդյունքները լիարժեք ներդնել տնտեսությունում: Նրանց խոսքով` նման կառուցվածքի բացակայությունը նաեւ անհնար է դարձնում մասնավոր կապիտալի հոսքը դեպի գիտություն, ինչը նոր հետազոտություններ կատարելու եւ գիտական արդյունք ձեւավորելու գործում էական նշանակություն ունի: Խոսվել է նաեւ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների եւ տնտեսության համապատասխան ճյուղերի միջեւ համագործակցության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղիների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հասարակագիտական գիտությունների, մասնավորապես` հայագիտության զարգացումը խթանող պայմանների ստեղծման անհրաժեշտությանը: ՀՀ Նախագահը նշել է, որ խրախուսիչ պայմաններ պետք է ստեղծել նաեւ հայագիտությամբ զբաղվող արտերկրի գիտնականների համար: Խոսվել է նաեւ հայ գիտնականների աշխատությունները օտար լեզուներով լույս ընծայելու, դրանք նաեւ էլեկտրոնային ռեսուրսներում ներկայացնելու գործընթացի կազմակերպման մասին:

Գիտության զարգացման խնդիրներից բացի, ակադեմիկոսներն անդրադարձել են նաեւ այս օրերին ակտիվորեն քննարկվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Նրանք ասել են, որ սատարում են ՀՀ Նախագահին այս գործընթացում եւ նրա ձեռնարկած քայլերը համարում արդյունավետ:

Գիտնականները Նախագահ Սարգսյանին նաեւ առաջարկել են նման հանդիպումները դարձնել ավանդական` ասելով, որ ծավալված քննարկումը ցույց տվեց, որ դրանք կարող են շատ օգտակար լինել:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել գիտնականների առաջարկին եւ շնորհակալություն հայտնել անկեղծ ու շահագրգիռ զրույցի համար` նշելով, որ այն հնարավորություն տվեց ոչ միայն արձանագրել խնդիրները, այլեւ նախանշել դրանց լուծման կոնկրետ ուղիներ:

← Վերադառնալ