09
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:

Երկրի ղեկավարը ներկա է գտնվել Իջեւան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի "Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:

Իջեւանում ստեղծվել է ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն, որը տեսասարքավորումների միջոցով միացված է նաեւ Երեւանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ու "էրեբունի" բժշկական կենտրոնների հետ, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտություն դեպքում օպերատիվ խորհրդատվական քննարկումներ կազմակերպել:

Այնուհետեւ Հանրապետության Նախագահը Տավուշի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները քննարկել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:

Իջեւանից Նախագահ Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ շրջայց է կատարել ՀՀ Կենտրոնական բանկի "Դիլիջան" տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, դիտել նախագծերը: Նախագահը եղել է նաեւ ֆինանսաբանկային համալիրի վարչական բնակելի շենքի շինհրապարակում:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Դիլիջան քաղաքի բացօթյա ամֆիթատրոն, "Հին Դիլիջան-Թուֆենկյան" համալիր: ՀՀ Նախագահին ներկայացվել են "Հին Դիլիջան" համալիրի վերակառուցման եւ նոր մասնաշենքի շինարարության նախագծերը:

Ապա Նախագահ Սարգսյանը եղել է Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցի տարածքում: "Տրոյկա Դիալոգ" ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ծրագրի բովանդակությունն ու նախագծերը:

Նախագահը ողջունել է նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթել նրա հեղինակներին ու իրականացնողներին: Նրա խոսքով` "Հայաստանում, մանավանդ այս տարածաշրջանում չափազանց կարեւոր է ունենալ ժամանակակից պահանջներին ամբողջովին համապատասխանող կրթական համալիր":

Երկրի ղեկավարը միջազգային ինտերնատ-դպրոցի ստեղծումը կարեւորել է մի քանի առումով.

"Գաղտնիք չէ, որ մենք քանակով փոքր ենք եւ կարող ենք ունենալ հաջողություն միայն ու միայն որակի հաշվին : Իսկ լավ որակ կարելի է ձեռք բերել միայն օգտագործելով կրթության ժամանակակից ձեւերը, ստանալ գիտելիք, այնուհետեւ այդ գիտելիքը հաջողությամբ ներդնել կյանքում: Այս նախաձեռնությունը ես կարեւորում եմ նաեւ այն տեսակետից, որ մենք բազմիցս ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ Հայաստանի համաչափ զարգացումը չափազանց կարեւոր հանգամանք է: Իհարկե, այսպիսի կրթահամալիրը պատիվ կբերեր նաեւ Երեւանին, եւ Երեւանն էլ անհրաժեշտություն ունի, բայց մի բան է, որ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան այս կրթահամալիրը գտնվում է Երեւանում, մի այլ բան, որ գտնվում է Դիլիջանում: Այս նախաձեռնությունը ես կարեւորում եմ նաեւ այն տեսակետից, որ պարբերաբար մեր կոչերին արձագանքում են արտերկրում հաջողության հասած մեր հայրենակիցները: Սա շատ կարեւոր եւ պարտավորեցնող հանգամանք է մեզ համար, նկատի ունեմ ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային իշխանություններին : Մենք պետք է կարողանանք համապատասխան աջակցություն ցուցաբերել, որպեսզի այսպիսի նախաձեռնությունների եւ նախաձեռնողների քանակը լինի շատ մեծ: Սա մեզ համար էական հանգամանք է":

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին, նրա տիկնոջը այս լավ նախաձեռնության համար եւ մեկ անգամ եւս կոչ արել հաջողության հասած մեր բոլոր հայրենակիցներին` հանդես գալ նախաձեռնություններով, որոնք եւս կնպաստեն Հայաստանի առաջընթացին:

Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ ծրագրի մեկնարկը խորհրդանշող ծառատունկին:

← Վերադառնալ