Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՄՄ գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին:
Ողջունելով հյուրին` Նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը կարեւոր քայլ կլինի երկկողմ կապերի սերտացման եւ համագործակցության հետագա զարգացման համար: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նաեւ կազմակերպության հետ փոխգործակցության արդյունք են:
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել:
Կողմերը խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների ու զարգացման հնարավորությունների մասին։ Համադուն Թուրեն ասել է, որ կազմակերպությունը Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու է երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ հեռուստատեսային հեռարձակման թվայնացում:
Նշելով, որ ինտերնետ ծառայությունների զարգացմանը զուգահեռ լուրջ հիմնախնդիր է դառնում կիբերանվտանգության ապահովումը` Նախագահ Սարգսյանը կարեւորել է կազմակերպության օժանդակությունը հայ մասնագետների վերապատրաստման, տեխնիկական աջակցության ու խորհրդատվության տրամադրման հարցերում: