27
03, 2010

Նախագահ Սարգսյանն հյուրընկալել է “Դիփ Փարփլ” ռոք խմբի անդամ Իէն Գիլանին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ “Դիփ Փարփլ” ռոք խմբի անդամ Իէն Գիլանին, եւ "Ռոքը օգնում է Հայաստանին" ծրագրի ղեկավար Ջոն Դիին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն, եւ նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է:

Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. “Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք”:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին` ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: “Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք”,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

“Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ”,-ասել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:

Անդրադառնալով երեւանյան համերգին` Իէն Գիլանն ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, եւ հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգեւորությամբ վայելում են երաժշտությունը:
Հանրապետության Նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաեւ “ՙՌոքը օգնում է Հայաստանին” ծրագիր շրջանակում կատարվող աշխատանքի մասին:

“Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում”,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

← Վերադառնալ