24
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա

album picture
album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպել է Հալեպի նահանգապետին, քննարկել հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջմարզային մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ, ՀՀ Նախագահին հյուրընկալել է հալեպահայ համայնքը: Համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ ու անմիջական զրույցում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Սիրիա կատարած այցի արդյունքներից եւ նշել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններին:

Հալեպահայ համայնքին ուղղված իր խոսքում ՀՀ Նախագահն ասել է.

" Հայերի եւ սիրիացիների համատեղ պատմությունը հին է` հին է, ինչպես հին են Եփրատն ու Տիգրիսը, ինչպես բիբլիական Արարատը:

Սիրիական հողը քաղաքակրթության օրրան է, նաեւ համամարդկային մեծագույն կրոնների օրրան: Բազում անգամներ սիրիական հողը տնքացել է նվաճողների կրնկի տակ, բայց նրա ճանապարհները դեռ հիշում են առաքյալների ոտնահետքերը: Եւ ո՞վ կարող է ըմբռնել այս հողի խորհուրդն ավելի լավ, քան բազմաթիվ նվաճողների դիմակայած ու առաքյալների լույսով օծված մեր ժողովուրդը:

Ես ուրախ եմ գտնվելու հանդուրժողականության խորհրդանիշ երկրում: Վստահ եմ, որ անցյալում քաղաքակրթությունների խաչմերուկ Սիրիան ապագայում դառնալու է քաղաքակրթությունների երկխոսության երկիր: Վստահ եմ, որ հենց նման մշակույթն է պարփակում մեր օրերում տարածաշրջաններ պառակտող հակամարտությունների հաղթահարման փիլիսոփայությունը:

Սակայն հանդուրժելը սիրիացու, արաբի ու հայի ամենամեծ արժանիքը չէ բնավ: Հանդուրժողականությունն այս հողում դարերի ընթացքում ծիլեր է տվել, ջերմության ու մարդասիրության պտուղներ: Բազմաթիվ դժվարություններ տեսած սիրիացին միշտ գրկաբաց է ընդունել հալածյալին, պատսպարել գաղթականին ու սփոփել կարոտյալին: Սիրիան դարեր շարունակ ապաստան է տվել բարբարոս նվաճողներից փրկված ժողովուրդներին: Հայերին` նույնպես: Նվաճողների սրից կողք կողքի ընկել են հայն ու սիրիացին: Հայն ու սիրիացին մի երգով են ողբացել Եդեսիայի կորուստն ու սգացել Ալեքսանդրետի հանձնումը: Օսմանյան ջարդերից մազապուրծ հայերին ու նրանց սերունդներին գրեթե երկու դար ընդունել ու պատսպարել է սիրիական հողը: 1876, 1895, 1909, 1915, 1922: Մաթեմատիկոսի հանճարն անտարբեր կմնա թվերի այս շարքի հանդեպ: Դրանց ծանր ու դաժան խորհրդին հասու են միայն հայի ու սիրիացու պատմական հիշողությունն ու դիմացինի ցավն ընկալելու քաղաքակրթակենտրոն էությունը:

Սիրիան դարձավ Եղեռնից փրկված հայերի տունը: Բռնագաղթը, զրկանքներն ու անմարդկային տառապանքները վերապրած հայերը ապավինեցին սիրիացուն: Անցնելով տարհանման ու ջարդերի դժոխքի միջով` սակավաթիվ վերապրածներն անվտանգ կյանք ու բարեկամի ջերմություն գտան այս դրախտային երկրում: Սակայն հարյուր հազարավորների համար Եփրատի հովիտը ոչ թե եդեմական այգի դարձավ, այլ դժոխքի դարպաս: Դեյր Զորի անապատը դարձավ հարյուր հազարավոր հայերի վերջին հանգրվանը: Աշխարհում ամենամեծ հայկական գերեզմանատուն- հանգստարանը: Վստահ եմ, որ Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները դեռ մարդկային արդարության ականատեսն են լինելու: Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները մարդկությանը հիշեցնում են, որ դեռ ոչնչացված չէ այն մամլիչը, այն չարագործ մեխանիզմը, որ մարդուն պատրաստ է արտաքսել միայն ու միայն որեւէ ազգի պատկանելու "մեղքի" համար: Ոչնչացված չէ, քանի դեռ հալածողն անարգում է հալածյալի հիշատակը: Այդ մամլիչը պատրաստ է ցանկացած պահի տնից դուրս քշել մարդուն, մատնել ծարավի, սովի ու սրի: Փոշի դարձնել նրա ոսկորներն ու աշխարհով մեկ սփռել նրա զավակներին: Ժամանակը զորություն չունի այդ մամլիչի հանդեպ: Անվերապահ բարոյականությունն այն միակ ուժն է աշխարհում, որ կարող է փշրել այդ մամլիչը մեկընդմիշտ:

Ցավոք, վերջերս ամենաբարձր ամբիոններից հնչող սպառնալիքները վկայում են, որ 21-րդ դարի մեծագույն մարտահրավերն իրավամբ ահաբեկչությունն է: Իսկ ահաբեկչության ամենավտանգավոր տեսակը` պետական ահաբեկչությունն է: Չէ՞ որ դրանից մինչեւ մարդկության հանդեպ մեծագույն ոճրագործությունը` ցեղասպանությունը, մեկ քայլ է...

Հայկական պետությունը, որ հայապահպանության երաշխավորն է ու հայի տեսակի անվտանգության պահապանը, պատմական պարտք ունի ակտիվ մասնակիցը լինելու ցեղասպանությունների եղկելի գործիքը ջարդելուն ուղղված ջանքերին:

Մեր հույսն աշխարհի փոխվելը չէ: Համամարդկային արդարության հաստատումը չէ: Դրանք մեր նպատակներն են: Մեր հույսը փոխակերպվելու եւ ժամանակի փորձություններին դիմակայելու մեր ընդունակությունն է: Աշխարհը չի փոխվի, եթե ինքներս այն չփոխենք, իսկ դրա համար պիտի շատ բան փոխենք ինքներս մեր մեջ ու մեր հարաբերություններում: Սա է երաշխիքը, որ մեր սերունդները եկեղեցիներ կանգնեցնեն մտքի, ոգու եւ կորովի հաղթանակների, եւ ոչ երբեք` նոր նահատակների հիշատակը անմահացնելու նպատակով:

Մերօրյա Սիրիան հայի համար հարազատ դարձած տուն է, որտեղ նրան սիրում ու հարգում են: Հպարտ եմ` տեսնելով հայ ժողովրդի զավակների հանդեպ Սիրիայի տածած սերն ու հարգանքը: Սերն ու հարգանքը դուք եւ ձեր հայրերն ու մայրերը նվաճել եք արդար քրտինքով: Երբեմն նաեւ` արյամբ: Սիրիահայերը եղել եւ մնում են իրենց հայրենիքի նվիրյալ զավակն ու քաղաքացին: Սիրիահայը վստահելի եւ հուսալի գործընկեր է` ամենաթանկն ու գնահատելին աշխարհում:

Սիրիան հայ մշակույթի, գիտության եւ արվեստի կենտրոն է: Այստեղ են ստեղծվել հայագիր բազմաթիվ ձեռագիր մատյաններ եւ արվեստի գլուխգործոցներ: Սիրիան նաեւ հայ ազգային կյանքի տարածաշրջանային կենտրոն է: Տասնյակ ազգային եւ մշակութային միությունները, կրթական ու բարեսիրական հաստատությունները ծաղկում են սիրիական մշակույթի պարարտ հողում` հյուրընկալ ժողովրդի ջերմությամբ եւ պետության հոգածությամբ շրջապատված: Պատահական չէ, որ սիրիական արեւի տակ են ծնվել, ուժ ու հասակ առել բազմաթիվ հայ քաղաքական եւ մշակութային գործիչներ, ազգային եւ հոգեւոր առաջնորդներ:

Հավատում եմ, որ ապագայում սիրիահայերն ավելի մեծ ջանքերով կլծվեն սիրիական պետականության ամրապնդման, նրա միջազգային վարկի բարձրացման, հասարակության ու տնտեսության զարգացման գործին: Սա առավել քան կարեւոր է համաշխարհային ճգնաժամի մեր օրերում: Սա է թելադրում Սիրիայի եւ Հայաստանի ավելի քան բարեկամական հարաբերությունների զարգացման տրամաբանությունը: 21-րդ դարի սիրիահային կուզեի տեսնել իր երկրի ոչ միայն օրինապահ, այլեւ գործուն քաղաքացի: Հայ ազգային ինքնությունը այս հողում պահպանելու գրավականը սիրիական պետության լավ եւ ակտիվ քաղաքացի լինելն է: Ձեր զավակներին ոգեշնչեք ձեր պանծալի ծնողների գործերով: Քաջալերեք նրանց կայացումն այս երկրում: Ձեր ավանդը բերեք Սիրիայում գիտության ու բժշկության, կրթության ու մշակույթի, արվեստի ու արհեստների զարգացմանը: Ընդլայնեք հայոց ստեղծարար ձիրքը մտքի, հոգեւոր ու մշակութային հարթություններում: Համախմբվե՛ք. համախմբվեք մեծով-փոքրով, կուսակցություններով ու մշակութային կենտրոններով, եկեղեցիներով ու քաղաքային համայնքներով, համախմբվեք ոչ միայն ապրիլի 24-ին: Սա է սերտ ինտեգրման ու երկու հայրենիքները կապելու բանաձեւը: Ինքնության ամրացման բանաձեւը: Մայր գաղթօջախի առաքելությունն ու օրինակը:

Հայկական պետությունն անում եւ անելու է ամեն հնարավորը ձեզ այս գործում օգնելու համար: Սիրիայի դեսպանատունը Երեւանում Հանրապետության նախագահի նստավայրից մի քանի քայլ հեռավորության վրա է: Հայ-սիրիական հարաբերությունները է՛լ ավելի սերտ են: Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչություններից էին Դամասկոսում դեսպանությունն ու Հալեպում հյուպատոսությունը, իսկ նորանկախ Հայաստանի առաջին նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունը կատարել է հենց Սիրիա: 2009թ. Սիրիայի նախագահն այցելեց Երեւան, ինչը նոր լիցք ու նոր վերելք հաղորդեց հայ-սիրիական բարեկամության եւ համագործակցության զարգացմանը: Իմ այցը Սիրիա նույնպես նոր ամրություն է տալու մեր հարաբերություններին, եւ դա սիրիահայ համայնքի զարգացման կարեւորագույն նախապայմաններից է, որ շարունակական է լինելու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Յուրաքանչյուր հայի, մասնավորապես` յուրաքանչյուր սիրիահայի համար նվիրական է Մուշեղ Իշխան անունը: Հիշե՛նք նրա տողերը.

Իր Հայաստանով այսքան նոր ու հին
Հայը կընձյուղվի
Հայը կհաղթի
Երկրի երեսին ուր էլ որ գնաս,
Սփյուռքը վկա,
Հայ կա` կմնա…":

← Վերադառնալ