06
03, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր /մարտի 6-ին/ ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է: Երևանում երեկ /մարտի 5-ին/ կայացել է նրա ղեկավարած “The No Smoking Orchestra” խմբի համերգը:

“Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին”,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Էմիր Կուստուրիցան Հանրապետության Նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները: “Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, եւ ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս` արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը”,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը:

Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա միաժամանակ ասել է. որ կգործադրի հնարավոր ջանքերն` աջակցելու հայկական “Ոսկե ծիրան” կինոփառատոնին:

← Վերադառնալ