02
03, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին

album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով Իսպանիայի արտգործնախարարին` Եվրամիության նախագահությունը ստանձնելու և Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և կարևորել դրա հետագա խորացումը: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատնտեսական օժանդակության և խորհրդատվական աջակցության համար:

«Այս այցը Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու ԵՄ-ի ռազմավարական տեսլականի վկայությունն է»,- նշել է Միգել Անխել Մորատինոսը: Իսպանիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ բարձր մակարդակով փոխադարձ այցերը նոր էջ են բացում Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում և ընդհանուր ապագայի տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորություն են տալիս: «Մենք այսօր երկխոսության ինտենսիվ օրակարգ ունենք և ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Իսպանիան պատրաստ է նպաստելու հարաբերությունների հետագա խորացմանը` համագործակցության ողջ սպեկտրով»,- նշել է արտգործնախարար Մորատինոսը:

Նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Մորատինոսը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի առաջնահերթություններին, քննարկել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմի դյուրացման և ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցություններին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Քննարկված խնդիրների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի մոտեցումները: Միգել Անխել Մորատինոսը համոզմունք է հայտնել, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Խնդրի լուծումը կարող է գտնվել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», - ընդգծել է Իսպանիայի արտգործնախարարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրամիության պատվիրակությունը նշված խնդիրների շուրջ քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում:

← Վերադառնալ