19
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին, որը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն, արեւմտահայերենից արեւելահայերեն, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ թարգմանություններ:

Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նման ծրագիր նախաձեռնելու կապակցությամբ եւ նշել, որ այդպիսով նաեւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում սփյուռքում հայերենի պահպանության եւ տարածման համար:

Խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը Հանրապետության Նախագահին է ներկայացրել ծրագիրը, դրա ընդլայնման, կատարելագործման եւ կիրառման հեռանկարները: Նա տեղեկացրել է, որ նոր մեկնարկած ծրագրի կայքից արդեն իսկ օրական մոտ 1300 այցելու է օգտվում, որոնց զգալի մասը սփյուռքից է:

Խոսվել է ծրագրի աշխատանքային խմբում Հայաստանից եւ սփյուռքից բարձրակարգ լեզվաբաններ ընդգրկելուն, ծրագրի հետագա կատարելագործման համար գիտաժողով կազմակերպելուն վերաբերող հարցերի մասին:

Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել աշխատանքային խմբի անդամներին եւ ասել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել նրանց գործունեությանը:

← Վերադառնալ