22
01, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի եւ աշխատակազմի անդամների հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի եւ աշխատակազմի անդամների հետ:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել Վերահսկիչ պալատի 2009թ. գործունեությունից եւ բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել Պալատի մի խումբ աշխատակիցների: Նախագահ Սարգսյանի խոսքով` փաստը, որ Պալատի անդամները խրախուսանքի են արժանանում, վկայում է, որ այս կառույցը կայանում է եւ ճիշտ ճանապարհի վրա է: "Սա նշանակում է, որ մենք տեսնում ենք դրական զարգացումները եւ խրախուսում դրանք: Գաղտնիք չէ, որ մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, եւ միայն միամիտներին կարող է թվալ, թե մեկ հարվածով հնարավոր է դրանք լուծել: Այդպես կարող են խոսել մարդիկ, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն խնդիրների ծավալի, կառավարման մեթոդների եւ մարդկային հնարավորությունների մասին: Ուստի, մենք պետք է տրամադրվենք տեւական, նպատակասլաց ու համառ աշխատանքի: Անշուշտ, այդ աշխատանքը չի կարող պատրվակ լինել, որ մենք ժողովրդին ասենք` սպասեք, մեկ կամ տասը տարի հետո լավ է լինելու: Մենք պետք է կարողանանք խնդիրներից տարբերակել կարեւորները, եւ նպատակաուղղված քայլեր կատարել դրանք լուծելու համար: Վերահսկիչ պալատի դերակատարությունը նաեւ նրանում է, որպեսզի կարողանա ոչ միայն նկատել ու վեր հանել եղած խնդիրներն ու թերությունները, այլեւ ակտիվ մասնակցություն ունենալ դրանց վերացման եւ լուծման գործում: Մեր երկրում խնդիրների լուծումը կարոտ է ամենաօրյա հետեւողական աշխատանքի"-ասել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը Վերահսկիչ պալատի գործունեության մեջ հատկապես կարեւորել է պետական միջոցների արդյունավետ կառավարման խնդիրը, նաեւ հորդորել այս տարի առավել ակտիվ եւ համոզիչ լինել հանրությանը Պալատի գործունեության արդյունքները ներկայացնելու գործում. "Հանրության մեջ արդարացի հարցեր են առաջանում, թե ինչպե՞ս է պատահում, որ Պալատը վեր է հանում խնդիրներ, չարաշահումների, վատնումների փաստեր, բայց պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ աղմկոտ քրեական գործեր չեն հարուցվում, նրանք չեն դատապարտվում: Այս առումով 2010թվականին ձեր խնդիրը պետք է լինի ակտիվ աշխատել նաեւ իրավապահ մարմինների հետ: Ակնհայտ է, որ բոլոր այն փաստերը, որոնք դառնում են մեր հանրության սեփականությունը, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են, բայց մյուս կողմից էլ միշտ չէ, որ թերությունը բավարար է, որ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկեն",- նշել է Նախագահը:

Երկրի ղեկավարի խոսքով` Վերահսկիչ պալատը պետք է հետեւողական լինի` մինչեւ վերջ վերացնելու բացահայտած թերությունները եւ այդ գործում դրսեւորի տարատեսակ ճնշումներին, խնդրանքներին տեղի չտալու վարքագիծ, ավելի սկզբունքային լինի վեր հանած թերությունները հանրության սեփականությունը դարձնելու ու դրանք վերացնելու գործում: "Սա չափազանց էական հանգամանք է: Բոլոր երկրներում պետական միջոցների նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է: Մեր երկրում դա կրկնակի հանցագործություն է, քանի որ մենք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք եւ պիտի կարողանանք առավել արդյունավետ ծախսել մեր հարկատուների միջոցները, առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել պետական միջոցներով: Այդ միջոցների նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է մեր սերունդների նկատմամբ",- շեշտել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ պետական միջոցներ վատնող պաշտոնյաները պետք է հանրության արգահատանքին արժանանան, իսկ այդպիսի մթնոլորտ ձեւավորելու գործում մեծ է Վերահսկիչ պալատի դերը:

Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել Պալատի ղեկավարությանն ու աշխատակիցներին` հույս հայտնելով, որ նրանք տարեցտարի կկատարելագործեն աշխատանքի մեթոդներն ու կարձանագրեն ավելի մեծ արդյունքներ:

Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը համառոտ ներկայացրել է Պալատի անցած տարվա ընթացքում կատարած եւ 2010թ. նախատեսված աշխատանքները` տեղեկացնելով, որ այս տարի Պալատի ուշադրության կենտրոնում են լինելու վարկային ծրագրերը եւ կրթական համակարգը:

Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել Վերահսկիչ Պալատում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

← Վերադառնալ