18
01, 2010

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ:

ՌԴ Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում կայացած հանդիպման սկզբում ողջունելով Սերժ Սարգսյանին` ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Ռուսաստանի Նախագահն ասել է, որ 2008 թվականին հանդիպել են յոթ անգամ, անցյալ տարի նույնպես յոթից ոչ պակաս հանդիպում են ունեցել եւ ուրախություն է հայտնել, որ այս տարին եւս սկսվում է նման հանդիպմամբ: Ըստ Դ.Մեդվեդեւի` դա բարեկամական հարաբերությունների, երկու երկրների միջեւ բարիդրացիական կապերի երաշխիքն է:

Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ Նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ թվում` թե՛ տնտեսական կապերը, թե՛ շփումները` կապված արտաքին քաղաքական հարցերի հետ, կխոսեն գլոբալ խնդիրների, այն լուրջ նախագծերի վերաբերյալ, որոնցով զբաղվում են: Նախագահները կանդրադառնան նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, կխոսեն այն մասին, թե ինչ անելիքներ կան այս տարի ժողովուրդների ու երկրների բարգավաճման ուղղությամբ: Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ ճգնաժամային փուլն արդեն մոտենում է ավարտին, եւ կգործարկվեն բոլոր այն մեխանիզմները, որոնց շուրջ երկու Նախագահները պայմանավորվել են ինչպես տնտեսական փոխգործակցության, այնպես էլ ռազմական եւ արտաքին քաղաքականության ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Նախագահը նշել է, որ սա 2010 թվականին իր առաջին արտասահմանյան այցն է, եւ ուրախ է, որ առաջին երկիրն, որ այցելում է Ռուսաստանն է: Սերժ Սարգսյանի խոսքերով` ժամանակը շատ պատեհ է եւ թույլ է տալիս ամփոփել հայ-ռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ նախորդ տարվա աշխատանքների արդյունքները եւ նախանշել 2010թ. անելիքները:

Հայաստանի Նախագահն ընդգծել է, որ նախորդ տարվա ընթացքում աշխատանքը եղել է արդյունավետ, ամրապնդվել է երկկողմ ռազմավարական գործընկերությունը, ակտիվացել է տնտեսական եւ հումանիտար համագործակցությունը: Սերժ Սարգսյանի կարծիքով` կան բոլոր հիմքերը 2010թ. հասնել ավելի լուրջ հաջողությունների: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ամեն տարվա հետ երկկողմ հարաբերությունների մեջ լինեն լուրջ արդյունքներ: ՀՀ Նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` մեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին աջակցելու համար: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, եւ այստեղ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլեւ միատեսակ են մտածում, երկու պետությունների մոտեցումները համընկնում են:

Երկու երկրների Նախագահների առանձնազրույցի ընթացքում ռազմավարական դաշնակից պետությունների ղեկավարները քննարկել են երկրների միջեւ համագործակցության 2010թ. համար նախանշված ծրագրերին, քաղաքական երկխոսության հետագա ընդլայնմանը, առեւտրատնտեսական փոխգործակցության ծավալմանը եւ այդ ոլորտում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարությունների հաղթահարմանը, ռազմատեխնիկան համագործակցությանը, ՌԴ սուբյեկտների եւ ՀՀ մարզերի միջեւ փոխգործակցությանը, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանին եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Երկու երկրների Նախագահների զրուցը շարունակվել է ՀՀ Նախագահի եւ Հայաստանի առաջին տիկնոջ պատվին տրված ճաշի ընթացքում:

← Վերադառնալ