08
01, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հրավիրել է խորհրդակցություն

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մեր երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյուքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010թ-ին ծրագրավորված անելիքներին: Ծաղկաձորում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները:

Նշելով որ 2010թ-ը մեր երկրի համար լինելու է կարեւոր նշանակություն ունեցող տնտեսական վերականգնման տարի` Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ դրված խնդիրների արդյունավետ լուծումը պայմանավորված է լինելու նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատանքով: Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները Նախագահ Սարգսյանին զեկուցել են նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ամփոփ արդյունքների, մարզային ու համայնքային նշանակության առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ծրագրավորված աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հավաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաեւ մարզային տնտեսության ոլորտում արձանագրված միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների:

Սերժ Սարգսյանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւ հանձնարարել ակտիվացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը:

Քննարկված հարցերի վերաբերյալ Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:

← Վերադառնալ