28
12, 2009

ՀՀ Նախագահի նստավայր էին հրավիրվել Հանրապետության ավարտական դասարանների լավագույն աշակերտները

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ Նախագահի նստավայր էին հրավիրվել Հանրապետության ավարտական դասարանների լավագույն աշակերտները: Նախագահական նստավայրում նրանց ողջունել է նաեւ երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանն ասել է. "Ես ամիսներ առաջ հայտարարել էի, որ բոլոր այն պատանիներն ու աղջիկները, ովքեր որեւէ ասպարեզում կառանձնանան իրենց գիտելիքներով, ովքեր կդառնան օլիմպիադաների հաղթողներ կամ մեդալակիրներ, անձամբ կսեղմեմ նրանց ձեռքն ու հրապարակավ շնորհակալություն կհայտնեմ: Անցած տարվա մեդալակիրներին ու տարբեր առարկայական օլիմպիադաներում հաղթողներին ես արդեն ընդունել եմ, նույնը պատրաստվում եմ անել այսուհետ":

Նշելով, որ ավարտական դասարանների աշակերտներին սպասում է ծանրաբեռնված տարի. քննություններ, պայքար մեդալների համար, ընդունելություն` Սերժ Սարգսյանն ասել է. "Թող 2010-ը լինի ձեր առաջին ամենալուրջ հաղթանակների տարին: Գերազանց արդյունքները հաղթանակներ են, ձե՛ր հաղթանակները: Իսկ հաղթելու համար մարդ պետք է կարողանա նախ ինքն իրեն հաղթել, իր կասկածներն ու անվստահությունը հաղթահարել: "Ես կարող եմ". բոլոր հաղթանակները նախ սրանով են սկսվում: Ես ձեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն եմ ցանկանում, առավել եւս, որ վստահ եմ ձեր ուժերին: Եվ դրա համար նաեւ ես շատ լուրջ հիմքեր ունեմ":

Հանրապետության Նախագահն ասել է, որ մեծ բավականությամբ ծանոթանացել է "Ով, եթե ոչ ես" վերնագրով նրանց շարադրություններին եւ խիստ տպավորված է: "Ձեր աշխտանքների ընթերցումից իմ եզրակացությունն այն է, որ դուք իսկապես հավատում եք ձեր ուժերին ու վստահորեն եք նայում ապագային", -ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. "Ամենակարեւորը, որ կարմիր գծի պես անցնում է ձեր աշխատանքներում, հայրենասիրությունն է, հավատը վաղվա հանդեպ ու պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը: Ձեր շարադրություններում ես տեսա հպարտություն, կրակ տեսա ու երազելու կարողություն: Սա չափազանց էական հանգամանք է":

Նախագահ Սարգսյանը դպրոցականներին նվիրել է Գիրգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունը եւ մաղթել, որ Նարեկը լինի ոչ միայն նրանց լավագույն ընկերը, այլեւ պահապանն ու ճիշտ ճանապարհից չշեղվելու փարոսը:

Շնորհավորելով դպրոցականներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Հանրապետության ղեկավարը ցանկացել է, որ 2010 թվականը լինի նվաճումների, առաջընթացի եւ ձեռքբերումների տարի:

← Վերադառնալ