17
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: “Մենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական աշխուժացում”,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ` ի լրումն երկկողմ հարաբերությունների, Հայաստանը եւ Դանիան փոխգործակցության տեսանելի հեռանկարներ ունեն նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Համաձայնելով Նախագահի հետ` դեսպանն ասել է, որ դա բխում է իր երկրի կառավարության նպատակներից, որը լեհ-շվեդական այդ նախաձեռնության աջակիցներից մեկն է:

Ընդգծելով Դանիայի բարի կամքը եւ համակրանքը Հայաստանի նկատմամբ` դեսպան Միքայել Բորգ-Հանսենը շեշտել է երկկողմ հարաբերությունները գործնական քայլերով ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: Որպես տնտեսության բնագավառում գործակցության հնարավոր ուղղություններ նա նշել է գյուղատնտեսության, էներգետիկայի արդյունավետ կառավարման ու օգտագործման ոլորտները, որտեղ Դանիան մեծ փորձառություն ունի եւ կարող է օգտակար լինել:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Դանիայի հաջողությունները տպավորիչ են, եւ մեր երկիրն անպայման կօգտվի նրա կուտակած փորձից:

Հանրապետության Նախագահը եւ նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է:

← Վերադառնալ