14
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան պարոն Յոզեֆ Միգաշը /նստավայրը` Մոսկվա/:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ կարեւորել երկու երկրների միջեւ կանոնավոր շփումները, քաղաքական երկխոսության ակտիվացումը` ընդգծելով, որ այն նպաստավոր հիմք է ստեղծում տնտեսության ու այլ բնագավառներում փոխգործակցության հետագա խորացման համար:

Հանրապետության Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար:

Խոսելով երկկողմ առեւտրատնտեսական կապերի մասին` Նախագահ Սարգսյանը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրները դեռեւս շատ անելիքներ ունեն դրանց զարգացման ուղղությամբ: Այդ առումով նրանք առաջնային են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Դեսպան Միգաշը նշել է, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր գիտական ներուժով, եւ իրենք շահագրգռված են այս ոլորտում գործակցության խորացմամբ:

Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափով, մասնավորապես` օգտագործելով Արեւելյան գործընկերության ծրագրի հնարավորությունները, ընդլայնել համագործակցության շրջանակները: Նրանք կարեւորել են մուտքի արտոնագրերի ընթացակարգի դյուրացումը:

Նորանշանակ դիվանագետը նաեւ ասել է, որ իր երկիրը ողջունում է եւ պաշտպանում հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

Հաջողություն մաղթելով դեսպան Միգաշին` Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի` նպաստելու երկու երկրների հարաբերությունների առավել սերտացմանը:

← Վերադառնալ