10
12, 2009

Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի բաժակաճառը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկնոջ հրավիրած պետական ընթրիքի ժամանակ

album picture
album picture
Պարոն Նախագահ,
Տիկին Սարգսյան,
Տիկնայք եւ պարոնայք,

Պարոն Նախագահ, ինձ համար իրապես պատիվ եւ ուրախություն է հյուրընկալվել Ձեր երկրում: Խնդրում եմ թույլ տվեք կնոջս եւ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր սրտագին ողջույնի համար:

Հայերն ու լատվիացիները հնագույն հնդեվրոպական ժողովուրդներն են, պատմության նմանատիպ խաչաձեւումներով: Լատվիացի ճանաչված գրողներ եւ մշակույթի գործիչներ պատմել են մեզ հայերի հնագույն հողի մասին, Ռաինիսից մինչեւ մեր ժամանակակիցներ Մարս Յակլաիս, Լեոնաս Բրեյդիս, Յանիս Պետերս: 2008թ. գարնանը սիրված բանաստեղծ Կնուտս Սկուժինեյսի "Հիմա ես եմ Ալեքսանդրը" ժողովածուն լույս տեսավ լատիշերեն եւ հայերեն: Հայաստանում լույս տեսավ Յուրիս Կնոնբերգսի երգերի հավաքածուն: Սա լուրջ հաստատումն է մեր երկու ազգերի միջեւ մշակութային կապերի ամրության:

Չնայած մեր վերապրած դժվարություններին եւ մարտահրավերներին, որ ստեղծել է պատմությունը, մեր երկու ազգերը ոչ միայն կարողացել են պահպանել յուրահատուկ մշակույթներն, այլ նաեւ վերանվաճել անկախ պետականությունը մեր ազգերի համար:

Հայաստանի եւ Լատվիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք կապերի ամրապնդման եւ քաղաքական երկխոսության ականատեսն ենք եղել: Մեր երկու երկրները լավ հիմք են ստեղծել առավել արդյունավետ եւ ինտենսիվ, փոխշահավետության վրա հիմնված գործընկերության համար: Սա լավ երեւում է բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունում եւ անցյալ մի քանի տարիների ընթացքում հայ ու լատվիացի պաշտոնյաների փոխայցելություններում:

Պարոն Նախագահ, ողջունում եմ այն փաստը, որ հատկապես վերջին տարիների ընթացքում տնտեսական կապերի զգալի աճ է տեղի ունեցել: Սրա վկայությունն է նաեւ ինձ այս այցի ընթացքում ուղեկցող գործարարների մեծ եւ բազմազան շրջանակը: Դրանք այն մարդիկ են, որոնք հետաքրքրված են Ձեր արագ աճող շուկայում գործունեություն ծավալել: Վստահ եմ, որ Երեւանում կազմակերպված գործարար ֆորումը նոր ազդակ կստեղծի Լատվիայի եւ Հայաստանի տնտեսական ներուժի խորացման համար, փոխադարձ առեւտրի մեծացման շրջանակներում:

Հայաստանի եւ Լատվիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ, որը հնարավոր չլինի հաղթահարել երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելիս: Դա հատկապես ճշմարտություն է ներկայումս` Երեւանի եւ Ռիգայի միջեւ ուղիղ չվերթի բացումից հետո, ինչը խթանում է տուրիզմը եւ ամրապնդում գործարար կապերը:

Հիմնարար իրավական հարաբերությունները Լատվիայի եւ Հայաստանի միջեւ լավ զարգացած են, ինչը խթանում է գործընկերությունը, սակայն հատկապես կցանկանայի ողջունել համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրեցինք: Դրանք հաստատուն հիմքեր կստեղծեն երկկողմ հարաբերությունների զարգացման այնպիսի կարեւոր բնագավառներում, ինչպիսիք են տնտեսությունը, գիտությունը, օդային հաղորդակցությունը, բնապահպանությունը, ինչպես նաեւ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:

Լատվիայում հայերը համայնք են հիմնել` տարատեսակ կառույցներով, ինչը կարեւոր ներդրում է մեր երկու երկրների միջեւ մշակութային կապերի ակտիվացմանը: Շատ հայերի կյանքը կապված է Լատվիայի հետ` երաժիշտներ, նկարիչներ եւ գործարար մարդիկ ապրել են մեր երկրում տարիներ շարունակ:

Պարոն Նախագահ, տիկնայք եւ պարոնայք, ես բաժակ եմ բարձրացնում ներկա եւ ապագա համագործակցության համար, մեր ազգերի բարեկամության համար, եւ մեր երկրների բարգավաճման համար: Հաջողություն եւ բարեկեցություն եմ մաղթում ողջ հայ ազգին, իսկ անձամբ Ձեզ, Պարոն Նախագահ, մաղթում եմ քաջառողջություն եւ ձեռքբերումներ Ձեր երկրի համար:

← Վերադառնալ