Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի խորհրդի աշխատանքներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին: Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:
Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով:
Նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նախորդ նիստերի ժամանակ ընդունված որոշումների կատարմանը, Եվրասիական տնտեսական համագործակցության տարածքում միասնական տնտեսական տիրույթի եւ մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր:
Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության 2009թ. փետրվարի 4-ի միջպետական խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են երկու որոշումներ` "Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին" եւ "Եվրասիական տնտեսական համագործակցության բարձր տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման մասին":
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակաճգնաժամային հիմնադրամի եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնի համահիմնադիրը, իսկ այդ երկու որոշումների հետ կապված փաստաթղթերը ՀՀ Ազգային Ժողովն արդեն վավերացրել է:
Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերն այժմ ներպետական վավերացման ընթացակարգերի ավարտական փուլում են, որից հետո հիմնադրամն առաջիկայում կսկսի իր գործունեությունը:
Պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո ԵվրԱզԷս-ի անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են ընդունված որոշումներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ մաքսային միությանը վերաբերող փաստաթղթերը:
ՀՀ Նախագահը Մինսկում մասնակցել է նաեւ ԱՊՀ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված "Միավորելով ԱՊՀ տարածաշրջանը" թեմայով միջազգային գագաթաժողովի աշխատանքներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան: