10
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիայի Հանրապետություն: Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո, նոյեմբերի 9-ի երեկոյան, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հունգարիայի Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ:

Բուդապեշտում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի և վարչապետ Գորդոն Բայնայի հետ:

Հունգարիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններն առաջ մղելու գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և համագործակցությունը միջազգային միջխորհրդարանական կառույցներում: Կողմերը գոհունակություն են հայտնել, որ Հայաստանի ու Հունգարիայի խորհրդարաններում ձևավորվել և գործում են պատգամավորական բարեկամության խմբեր: Հունգարիայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանն իրեն ծանոթ երկիր է, և որպես Հունգարիա-Հայաստան պատգամավորական բարկամական խմբի անդամ ինքն առիթ է ունեցել լինելու Հայաստանում և ծանոթանալու մեր երկրին ու նրա մշակույթին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և հունգար ժողովուրդների պատմամշակութային շփումներին ու ընդհանրություններին:

Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի հետ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները: Կողմերը նշել են, որ մի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական այցը Հունգարիա և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մյուս կողմից` երեկ Բուդապեշտում ստորագրված միջգերատեսչական համագործակցության արձանագրությունները, հայ-հունգարական գործարար համաժողովն ու շփումները նպաստավոր միջավայր են ստեղծում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի նոր թափ հաղորդել Հունգարիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում գործակցության խորացմանը: "Հայ և հունգար ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է` զարգացնելու մեր հարաբերությունները ինչպես տնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում",- նշել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Հունգարիայի վարչապետը ընդգծել են իրենց պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն գործարար նախաձեռնություններին ու ներդրումային ծրագրերին, որոնք կծնվեն գործարար համաժողովի արդյունքում:

Նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Բայնայի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած բարդությունների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումներին և գլոբալ տնտեսության առկա իրավիճակին: Հունգարիայի վարչապետը ևս շեշտել է, որ Հունգարիան կարևորում է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականությունը և Եվրամիությունում 2011 թ. իր նախագահության ընթացքում շարունակելու է այն դիտել որպես կարևոր առաջնահերթություն: Սերժ Սարգսյանն իր հերթին նկատել է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում մի կողմից հարաբերությունները զարգացնելու Եվրամիության ու նրա առանձին երկրների հետ, իսկ մյուս կողմից` խթանելու բարեփոխումների գործընթացը մեր երկրում:

Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի հետ ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները: Հունգարիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը և աջակցում է այդ գործընթացին: Գորդոն Բայնան շեշտել է, որ տարածաշրջանում առկա խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, բացի երկկողմ հարաբերությունների հաստատումից, կփոխի նաև ողջ տարածաշրջանի միջազգային ընկալումը` նպաստելով կայունության, զարգացման, տևական խաղաղության, գործընկերության ոգու ու փոխվստահության ամրապնդմանը:

Նախագահ Սարգսյանն ու Հունգարիայի վարչապետը հանդիպել են նաև Բուդապեշտում տեղի ունեցած հայ-հունգարական գործարար համաժողովի մասնակիցներին, ծանոթացել համաժողովի արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին:

Բուդապեշտում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հունգարիայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ կարդինալ Պետեր Էրդոյին: Հունգարիայի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ և հունգար ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններին ու շփումներին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ եկեղեցին, հատկապես պետականության բացակայության պայմաններում, ուրույն ու անգնահատելի պատմական դերակատարություն է ունեցել հայ ու հունգար ժողովուրդների մղած ազգային ազատագրական պայքարում: Կարդինալ Պետեր Էրդոն ևս, անդրադառնալով հայ եւ հունգար ժողովուրդների պատմական ընդհանրություններին, նշել է. "Հայ եւ հունգար ժողովուրդները դարեր տևած տանջանքներից ու զրկանքներից հետո վերհառնելու ու վերածնվելու մեծ փորձ ունեն": Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել այն իրողությունը, որ Հունգարիայում մեր հայրենակիցներն ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ և օգտվում են այդ կարգավիճակի ընձեռած բոլոր հնարավորություններից` պահպանելով իրենց ազգային ինքնությունը:

Հունգարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ու Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմը մասնակցել են Հունգարիայի Պաշտպանության նախարարության ռազմական պատմության ինստիտուտի կազմակերպած ցուցանահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է հայ-հունգարական ռազմական առնչությունների պատմությանը: Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմը շրջել են ցուցասրահում, ծանոթացել ցուցանմուշներին:

Այսօր օրվա երկրորդ կեսին, ավարտելով իր պետական այցը Հունգարիա, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով աշխատանքային կարճատև այցով ժամանել է Կալինինգրադ:

← Վերադառնալ