07
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Հունգարիա

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիայի Հանրապետություն:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ Նախագահը կժամանի Բուդապեշտ:

Նոյեմբերի 9-ին Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Դրանից հետո նախագահների մասնակցությամբ տեղի կունենա պավիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության եւ Հունգարիայի Հանրապետության նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նույն օրը Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հունգարիայի Խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի հետ:

Բուդապեշտում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշահամալիրում: Պետեֆի հրապարակում ՀՀ Նախագահը ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:
Օրվա ավարտին Հունգարիայի նախագահ Լասլո Շոլոմի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:

Նոյեմբերի 10-ին Նախագահ Սարգսյանը կհանդիպի Կարդինալ Պետեր Էրդոյին եւ Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնային, ապա եւ` հայ-հունգարական գործարար համաժողովի մասնակիցներին:
Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բուդապեշտի տեսարժան վայրեր: ՀՀ Նախագահը Հունգարիայի նախագահի հետ շրջայց կկատարի Բուդապեշտի ռազմական պատմության թանգարանում:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ Նախագահը ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ:
Նույն օրը Նախագահ Սարգսյանը կհանդիպի նահանգապետին, ապա նաեւ` տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Կալինինգրադում Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայկական խաչքար-հուշակոթողին:

Նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահը կվերադառնա Երեւան:

← Վերադառնալ