23
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ԳԴՀ նախորդ դեսպանները հայ-գերմանական համագործակցության լավ ժառանգություն են թողել եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանը եւս մեծ ներդրում կունենա երկկողմ կապերի ընդլայնման գործում:

Նախագահն ասել է, որ Հայաստանի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը չափազանց կարեւոր է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Գերմանիան Հայաստանի կարեւորագույն առեւտրային գործընկերներից է, Հայաստանին ցուցաբերվող արտաքին օժանդակության ծավալներով նա երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, տեխնիկական եւ ֆինանսական ոլորտներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, բարձր մակարդակի վրա են նաեւ քաղաքական երկխոսությունն ու Եվրամիության շրջանակներում համագործակցությունը, առկա են աշխույժ մշակութային շփումներ:

Դեսպան Շմիդթն ասել է, որ Գերմանիան կշարունակի ակտիվ եւ նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, իսկ որպես դեսպան ինքը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-գերմանական համագործակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունների, նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ: Դեսպանն ասել է, որ Գերմանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը` այն գնահատելով որպես կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ավանդ:

← Վերադառնալ