13
10, 2009

Նախագահ Սարգսյանն ընդունել է "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ Մարտին Եսայանին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանին եւ հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանին:

Ուրախությամբ ողջունելով նրանց Հայաստանի Հանրապետությունում` Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների հայանպաստ եւ ազգանվեր գործունեության համար: "Մենք բարձր ենք գնահատում "Գյուլբենկյան" հիմնարկության գործունեությունը, որին, բնականաբար ես քաջատեղյակ եմ. բարձր ենք գնահատում հիմնարկության կողմից ոչ միայն Հայաստանի ներսում կատարվածն, այլեւ ողջ աշխարհում մեր շահերի պաշտպանության, հայապահպանության ուղղությամբ աշխատանքը",-ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. "Չափազանց կարեւորում ենք հաստատության կրթական ծրագիրը եւ այն համարում համահունչ Հայաստանի զարգացման մեր պատկերացումներին: Հայաստանում վերջերս ստեղծել ենք "Լույս" հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն տասը բուհերն ընդունված հայ երիտասարդներին, եւ կարծում եմ, այստեղ կարող է լինել համագործակցության լայն դաշտ":

Նախագահ Սարգսյանի սեպտեմբերի 17-ի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար "Գալուստ Գյուլբենկյան" հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Այսօր երկրի ղեկավարը հանձնել է պետական բարձր պարգեւը: Շնորհակալությամբ ընդունելով այն` Զավեն Եկավյանը վստահություն է հայտնել, որ համատեղ արդյունավետ գործակցությունը կշարունակվի: Նա ողջունել է Սփյուռքի նախարարության հիմնումը: Սերժ Սարգսյանը նախարարության առաջնային խնդիրներն է համարել հայապահպանությունը, հայրենադարձությունը, հայության կարողությունների ամբողջական ու նպատակային օգտագործումը:

Զրուցակիցները քննարկել են հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ-թուրքական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Մարտին Եսայանը եւ Զավեն Եկավյանն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Նախագահ Սարգսյանի ջանքերին:

← Վերադառնալ