12
10, 2009

Մոսկվայում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

album picture
album picture
album picture
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. "Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ինչպես եւ պայմանավորվել էինք` շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ շփվում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Վերջերս հանդիպեցինք Քիշնեւում, քննարկեցինք ԱՊՀ-ի հեռանկարները եւ առկա դժվարությունները, հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շատ բարդ խնդրի շուրջ հանդիպում ունեցանք` Ադրբեջանի Նախագահի մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ դա, այս պարագայում ես ի նկատի ունեմ այդ գործընթացում Ռուսաստանի միջնորդական մասնակցությունը, մեր հարաբերությունների շատ կարեւոր չափումներից է: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգին առնչվող հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ:

Ցավոք սրտի, ճգնաժամը ոչ ոքի չի խնայում եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն, իհարկե հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը, այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայցեւայնպես նշանակալի անկում է` գրեթե 20 %: Այն, իհարկե, տհաճ է եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերած տեմպերի պահպանումը կարեւոր է ե'ւ Հայաստանի ե'ւ Ռուսաստանի համար: Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում: Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքանով տեղյակ եմ պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար շատ հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է, որ այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս-հայկական երկխոսությունը: Ես Ձեզ ջերմորեն ողջունում եմ: Հնարավորություն ունենք բոլոր հարցերի շուրջ խորհրդակցելու":

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է. "Շնորհակալություն ջերմ խոսքերի եւ հրավերի համար: Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է` քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքն իմ կարծիքով մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի: Այդ առնչությամբ, կարծում եմ, որ այսօր մեծ եւ հարուստ օրակարգ ունենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում Ձեր անձնական մասնակցության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերություների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության: Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունը մեծ ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման գործում":

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ համալիրին եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները քննարկել են առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը, էներգետիկայի եւ ռազմատեխնիկական ոլորտում խոշոր նախագծերի իրականացմանը, տարածաշրջանային կազմակերպություններում` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱզԷՍ-ում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հեռանկարային ներդրումային նախագծերին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարներին եւ Արագ արձագանքման հավաքական ուժերին` օրերս Ղազախստանում մեկնարկելիք "Փոխգործակցություն-2009" զորավարժությունների համատեքստում:

← Վերադառնալ