01
10, 2009

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը

Այսօր մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը:

Սփյուռքահայության հետ Նախագահի հանդիպումներին կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Նախագահ Սարգսյանի առաջին կանգառը կլինի Փարիզը, որտեղ նա հոկտեմբերի 2-ին հանդիպումներ կունենա Եվրոպայի հայ համայնքների ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների, ազդեցիկ աշխարհիկ եւ հոգեւոր դեմքերի հետ:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը կայցելի Նյու-Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով: Հայաշատ այդ գաղթօջախներում Նախագահը հանդիպումներ կունենա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Մերձավոր Արեւելքի, ԱՊՀ երկրների հայ համայնքների հոգեւոր թեմերի եւ համայնքային կառույցների ղեկավարների, քաղաքական, հասարակական, մշակութային, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, սփյուռքահայ երեւելի անհատների հետ:

← Վերադառնալ